Եվրոպական նմուշի GMP (Good Manufacturing Practice, Պատշաճ արտադրական պրակտիկա) սերտիֆիկատը, որ Հայաստանում առաջին անգամ «Լիկվոր» դեղագործական ընկերությանն է շնորհվել, բնակչության բուժսպասարկման որակի՝ համընդհանուր GxP – Good… Practice եզրույթով բնորոշվող ստանդարտներից մեկն է: Տեղեկությունը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն է հայտնել:
Նրա խոսքով, դեղագործության ոլորտում GxP-ի ստանդարտներ հասկացությունը նաեւ GLP-ն (Պատշաճ լաբորատոր պրակտիկա), GCP-ն (Պատշաճ կլինիկական պրակտիկա), GSP-ն (Դեղագործական արտադրանքի պահպանման պատշաճ պրակտիկա) եւ GDP-ն (Պատշաճ դիստրիբյուտորական պրակտիկա) է ներառում: Սերգեյ Մաթեւոսյանը գտնում է, որ հիշյալ բոլոր ստանդարտները պետք է հաջորդաբար ներդրում գտնեն Հայաստանում: Ընդ որում, դրանց ստացումն էլ հայկական ընկերությունների համար պետք է պարտադիր բնույթ կրի: Մինչդեռ այսօր, մինչ «Դեղամիջոցների մասին» նոր օրենքի ընդունումը, սերտիֆիկացման հարցն ըստ ցանկության է դրված:
«Լիկվոր» ընկերությունը նախ եւ առաջ GDP-ստանդարտի պարտադիր կիրառման հարցն է բարձրացնում: «Մենք թե արտադրության ընթացքում, եւ թե պահեստավորելիս դեղամիջոցների արտադրության, տեղափոխման եւ պահպանման գործընթացներին առնչվող բոլոր պահանջների իրականացում ենք ապահովում: Մինչդեռ հաճախ են լինում դեպքեր, երբ այդ նույն դեղամիջոցներն այլ պահեստներում եւ դեղատներում ուղիղ արեւի ճառագայթների տակ՝ անթույլատրելի բարձր ջերմաստիճանի պայմաններում են պահվում: Եվ եթե պարզվի, որ դրանք ոչ արդյունավետ կամ ավելի վատ՝ վնասակար են գտնվել, միշտ էլ արտադրողն է պատասխանատվության կանչվելու: Ուստի եւ պահանջում ենք, որ GDP-ի ստանդարտները պարտադիր կիրառման սկզբունքով ներդրվեն», - նշել է Սերգեյ Մաթեւոսյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանում այնպիսի ընկերություններ են գործում, որոնք ի վիճակի են հիշյալ ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ ձեռք բերել, իսկ մյուսներն էլ պետք է ջանքեր գործադրեն՝ դրան հասնելու համար:
«Դա միակ այլընտրանքն է՝ ոլորտը մրցունակ դարձնելու համար. ես դեղամիջոցների շրջանառության ողջ ոլորտը նկատի ունեմ, հակառակ դեպքում նույնիսկ այն Միության (ԵԱՏՄ – խմբ.) կազմում, որտեղ կարծես թե բոլոր բարենպաստ պայմաններն են ստեղծվելու՝ գործարարության զարգացման համար, չափերով փոքր երկիրը կարող է գործնական իրադարձությունների հետնապահը դառնալ: Դա չափազանց լուրջ մարտահրավեր է մեզ համար», - նշել է նա:






