Հոկտեմբերի 15-ին նշվում է սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը: Սպիտակ ձեռնափայտը կույր մարդկանց խորհրդանիշն է, եւ հենց նրանց խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու համար է նշվում այս օրը՝ Կույրերի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Աշխարհում այսօր շուրջ 285 միլիոն մարդ (որոնցից 19 միլիոնը երեխաներ են) տեսողության խնդիրներ ունի, եւ 39 միլիոն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Մասնագետները պնդում են, որ գրագետ բուժման արդյունքում կուրության տանող դեպքերի մոտ 80 տոկոսը հնարավոր են կանխարգելել:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, հստակ վիճակագրական թվեր դեռ չկան, բայց մասնագետները պնդում են, որ երկրի բնակչության մոտ 4-8 տոկոսը տեսողության լուրջ խնդիրներ ունի կամ կույր է: Կուրության եւ տեսողության ծանր խանգարումների մեծամասնության հիմնական պատճառը կատարակտան է:

Ի դեպ, սպիտակ ձեռնափայտի գաղափարը պատկանում է անգլիացի նկարիչ Ջեյմս Բիգսին: Դժբախտ պատահարի արդյունքում նա զրկվել էր տեսողությունից եւ սկզբում սովորական սեւ ձեռնափայտ էր օգտագործում: Սակայն այդ ձեռնափայտը շատերը չէին նկատում, եւ շուտով նկարիչը որոշեց փոխարինել այն սպիտակ ձեռնափայտով, որը ավելի հեշտ էր նկատել, եւ որը իրոք նկատելիորեն հեշտացրեց նրա կյանքը: