Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել պատրաստվել կապկածաղկի մահացու շտամի նոր դեպքերին:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնում համարում են, որ կապկածաղկի ընդհանուր վտանգը ԵՄ-ի և 30 երկիր ընդգրկող Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏԱ) բնակչության համար առայժմ ցածր է:

Սակայն միաժամանակ նշվում է, որ վարակի վտանգը վարակված տարածքներ ճանապարհորդող և վարակված համայնքների հետ սերտ կապ ունեցող եվրոպացիների համար բարձր է, իսկ նրանց սիրելիների համար վարակվելու վտանգը՝ չափավոր:

«Եվրոպայի և Աֆրիկայի միջև սերտ կապերի պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ժամանողների շրջանում դեպքերի թվի ավելացմանը», - հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Պամելա Ռենդի-Վագները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց կապկածաղկի  նոր, ավելի վտանգավոր Clade 1b շտամի արագ տարածման մասին, այն իբրև հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ որակելով:

Վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն հնարավոր է սերտ շփման ժամանակ։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, ցանը, ավշային հանգույցների բորբոքվածությունը*, մկանային ցավը, թուլությունը։ Որպես կանոն, մարդու մարմինը երկու-չորս շաբաթվա ընթացքում հաղթահարում է վիրուսը, սակայն հազվադեպ դեպքերում հնարավոր է մահացու վախճան:

*Ավշային հանգույցները բորբոքվում են կամ մեծանում տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ, որոնք կարող են լինել հասարակ կոկորդային վարակներից մինչև կյանքին սպառնացող քաղցկեղային վիճակներ։