Բրիտանացի տղամարդու մոտ ախտորոշվել է առնանդամի քաղցկեղ անսպասելի ախտանիշի պատճառով։ 2020թ. Քրեյգ Մայկոկը հիվանդանոցում հետազոտություն է անցել, որի ընթացքում բուժքույրը նրա առնանդամի ծայրին փոքրիկ կետ է հայտնաբերել։ Նա խորհուրդ է տվել խորհրդակցել մասնագետի հետ։ Մայկոկը ինքն էլ նկատել էր կետը, բայց դրան որեւէ նշանակություն չէր տվել, քանի որ անհարմարություն չէր զգացել։ Բրիտանացուն ուղարկել են բիոպսիայի, ուսումնասիրությունը ցույց է տվել քաղցկեղային բջիջների առկայություն։ Այս մասին նա պատմել է This Morning-ի հաղորդման եթերում։
Մայկոկը կարծում էր, որ վիրաբույժները կհեռացնեն միայն սեռական օրգանի մի կտորը, իսկ հետո կօգտագործեն նրա ազդրի հյուսվածքը, որպեսզի վերականգնեն ախտահարված հատվածը։ Բայց լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղը շատ տարածված է եղել։ Տղամարդուն ասել են, որ հարկավոր է լրիվ հեռացնել առնանդամը։ Մայկոկն ընկել է դեպրեսիայի մեջ։
Միջամտությունից հետո նրա հոգեվիճակն ավելի է վատացել։ Ամեն անգամ, երբ նա զուգարան է գնացել եւ օգտագործել հարմարանքը, որը փոխարինել էր ուրետրային, նա սարսափ է ապրել։ Մայկոկի կնոջ խոսքով՝ նա օրերով ոչ մեկի հետ չի խոսել, թեեւ մինչ այդ զվարճասեր տղամարդ էր։ Մի ինչ-որ պահի նա անգամ ցանկացել է ինքնասպան լինել։
Սակայն Մայկոկը կարողացել է հաղթահարել ճգնաժամը եւ վերադառնալ նորմալ կյանքի։ Վիրահատությունից չորս տարի հետո նա որոշել է պատմել իր ախտորոշման մասին ուղիղ եթերում, որպեսզի զգուշացնի այլ տղամարդկանց եւ խորհուրդ տա մշտապես ստուգել առողջությունը։






