«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է գլխուղեղի չարորակ նորագոյացության ռադիոալիքային աբլյացիա։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեց «Նաիրի» ԲԿ նյարդաբանության ու նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանը։
Նա ներկայացրեց, թե ինչպես է իրականցվում գլխուղեղի ուռուցքի աբլյացիան, կամ այրումը՝ ասեղը մոտ 1 միլիմետր ճշգրտությամբ մտցվում է ուռուցքի մեջ, այդ ասեղով, որը նաև էլեկտրոդ է, հոսանք է փոխանցվում, ինչի շնորհիվ ուռուցքի հյուսվածքները այրվում են։ Բժշկի խոսքով, պացիենտի համար այս միջամտության առավելությունն այն է, որ հաջողվում է խուսափել ծավալուն բաց վիրահատությունից։ Այն իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ մոտենալ օջախին։ Այս մեթոդով հնարավոր է վիրահատել 1-1.5 սմ տրամագծով ուռուցքներ։
«Վիրահատությունը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում պացիենտի գլխին ամրացվում է ստերեոտակտիկ «թագը», կատարվում է ԿՏ հետազոտություն և որոշվում են ուռուցքի կոորդինատները։ Այնուհետև այդ տվյալները բեռնվում են նավիգացիոն համակարգի մեջ, և համակարգը հաշվարկում է երեք հարթությամբ ասեղի մտցնելու անկյունն ու խորությունը», – պատմեց բժիշկը։

Դրանից հետո ստերեոտակտիկ «թագի» օգնությամբ ասեղը ճիշտ կոորդինատներով մտցվում է ուղեղի մեջ և իրականացվում է փորձարկում։
«Եթե ասեղը դիպչեց օջախին, նշանակում է փորձարարական փուլը անցել է բարեհաջող, բոլոր կոորդինատները համապատասխանում են իրականությանը, դրանից հետո սկսվում է երրորդ փուլը՝ բուն վիրահատությունը, որի ժամանակ կատարվում է ուռուցքի աբլյացիան», – ասաց Արման Հակոբյանը։
Ըստ բժշկի, այս վիրահատությունը ցուցված է փոքր ուռուցքների դեպքում, երբ դրանք գտնվում են շարժողական կամ խոսակցական կենտրոններին մոտ, և բաց եղանակով վիրահատությունը հնարավոր չէ կատարել։ Կամ այն դեպքերում, երբ առկա է տարածուն ախտահարում, այսինքն, պացիենտի վիճակը թույլ չի տալիս գնալ բաց վիրահատության։
«Ահա այս դեպքերում մենք կարող ենք օգնել, այրելով ուռուցքը, հետագայում խորհուրդ տալով շարունակել համապատասխան բուժումը», – ասաց Արման Հակոբյանը։






