Սուդանի առողջապահության նախարար Հայթամ Իբրահիմը շաբաթ օրը հայտարարել է խոլերայի համաճարակի մասին պատերազմով բզկտված երկրում մի քանի շաբաթ տեւած հորդ անձրեւներից հետո, տեղեկացրել է AFP-ը։
«Մենք հայտարարում ենք խոլերայի համաճարակ եղանակային պայմանների եւ խմելու ջրի աղտոտվածության պատճառով»,- հայտնել է Հայթամ Իբրահիմը։
Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է Կասալա արեւելյան նահանգի իշխանությունների, ՄԱԿ գործակալությունների եւ փորձագետների հետ համատեղ՝ «լաբորատորիայում խոլերայի վիրուսի հայտնաբերումից հետո»։
Երկիրը 2023թ. ապրիլից պատերազմի մեջ է Սուդանի բանակի (փաստացի երկրի կառավարիչ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի ղեկավարությամբ) եւ ռազմականացված Արագ արձագանքման ուժերի միջեւ, որը գլխավորում է Բուրհանի նախկին տեղակալ Մուհամեդ Համդան Դագլոն։
Հակամարտությունը հանգեցրել է աշխարհում ամենածանր հումանիտար աղետներից մեկին. ավելի քան 25 մլն մարդ կամ բնակչության մոտ կեսը բախվել է սուր քաղցի խնդրին։
Մի քանի շաբաթվա ընթացքում երկրում հորդ անձրեւներ են տեղում, որոնցից խիստ տուժել է Կասալա նահանգը։ Իշխանությունները դիմել են «անհապաղ» եւ «շտապ» միջազգային օգնության համար։
Հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են հիվանդացության, այդ թվում լուծի, հատկապես երեխաների շրջանում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ խոլերան առաջացնում է ուժեղ լուծ, փսխում եւ մկանային ցնցումներ եւ սովորաբար առաջանում է մանրէներով վարակված սննդի կամ ջրի օգտագործման հետեւանքով։






