Ասում են, որ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է, բայց, նոր հետազոտության համաձայն, որն իրականացրել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, այն նաեւ կարող է դառնալ դաստիարակության լավ միջոց։
Պիլոտային հետազոտության ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ մարդկանց մեծ մասը հումորը դիտարկում է որպես դաստիարակության արդյունավետ միջոց, եւ որ հումորի օգտագործումը ծնողների կամ խնամատարների կողմից ազդում է երեխաների հետ նրանց հարաբերությունների որակի վրա։ Նրանց մեծամասնությունը, որոնց ծնողներն օգտագործել են հումորը, դրական լույսով են գնահատել իրենց հարաբերությունները ծնողների հետ եւ այն, թե ինչպես են դաստիարակել իրենց։ Հետազոտողներն իրենց եզրահանգումները հրապարակել են PLOS One ամսագրում։
Նրանք հարցման են ենթարկել 18-45 տարեկան 312 մարդու։ Հարցվողների կեսից ավելին ասել է, որ իրենց դաստիարակել են մարդիկ, որոնք օգտագործել են հումորը, իսկ 71,8 տոկոսը համաձայնել է այն բանի հետ, որ հումորը կարող է դաստիարակության արդյունավետ միջոց լինել։ Հարցվողների մեծ մասը հայտնել է, որ իրենք օգտագործում կամ նախատեսում են օգտագործել հումորը իրենց երեխաների հետ շփվելիս եւ կարծում են, որ դա ավելի շատ պոտենցիալ օգուտ, քան թե վնաս կբերի։ Թիմը նաեւ հայտնաբերել է հարաբերակցություն ծնողների կողմից հումորի օգտագործման եւ այն բանի միջեւ, թե ինչպես են նրանց երեխաները, որոնք արդեն մեծացել են, ընկալել այն, թե ինչպես են իրենց դաստիարակել, եւ իրենց հարաբերությունները ծնողների հետ։ 50,5 տոկոսն ասել է, որ իրենք լավ հարաբերություններ են ունեցել ծնողների (որոնք հարաբերություններում օգտագործել են հումորը) հետ, իսկ 44,2 տոկոսը տեղեկացրել է, որ, իրենց կարծիքով, իրենց ծնողները չեն օգտագործել հումորը, միայն 2,9 տոկոսն է տեղեկացրել ծնողների հետ լավ հարաբերությունների մասին, իսկ 3,6 տոկոսը տեղեկացրել է, որ, իրենց կարծիքով, ծնողները լավ են դաստիարակել իրենց։






