Բժիշկները երիտասարդ աղջկան՝ երեք միլիոն դեպքից մեկը հանդիպող հազվագյուտ քաղցկեղ են ախտորոշել, մինչդեռ դրանից առաջ աղջկա ախտանիշը շփոթել են հոգեկան խանգարման ախտանիշի հետ, գրում է բրիտանական The Mirror պարբերականը։
Անգլիայի Ստաֆորդշիր քաղաքի բնակչուհի Մադի Ֆոսթերը «ֆիզիկապես առողջ» էր համարվում, սակայն 17 տարեկանում նա սկսել է տառապել շնչարգելությունից և էներգիայի պակասից։ Աղջկա մայրը՝ Նիկոլան, նրան տարել է բժշկի, սակայն կլինիկայում նրան ասել են, որ Մադին տառապում է անհանգստությունից և դեպրեսիայից:
Մինչև 20 տարեկանը լրանալն աղջկա ախտանշանները շարունակվել են, հիմա էլ նա գանգատվել է մեջքի ցավից և սկսել է ահավոր քրտնել։ Ի վերջո Մադի Ֆոսթերին տեղափոխել են Ստաֆֆորդի հիվանդանոց: Այստեղ պարզվել է, որ նրա փայծաղը մեծացել է դրա շուրջը փաթաթված 15 սմ-անոց ուռուցքի պատճառով:
Բիրմինգհեմում Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցում անցկացված կենսազննումը (բիոպսիան) հաստատել է, որ աղջկա երկարամյա տառապանքների աղբյուրը մակերիկամի կեղևային շերտի քաղցկեղն է՝ քաղցկեղ, որի հավանականությունը Մադիի տարեկիցների շրջանում հանդիպում է երեք միլիոնից մեկի դեպքում:
2023 թվականի նոյեմբերին Մադիի 2-կիլոգրամանոց ուռուցքը հեռացրել են, սակայն երբ վիրահատությունից հետո նրա որովայնը լցվել է հեղուկով, աղջիկը սեպտիկ շոկի մեջ է ընկել և մեծ դժվարությամբ հաղթահարել է հիվանդությունը։






