Եթե տարեց մարդու մոտ կոտրվածք է առաջանում, մեծ է հավանականությունը, որ բանը դրանով չի վերջանա, եւ կոտրվածքի կրկնակի դեպքեր կլինեն: Այն մասին, թե ինչու են տարեց մարդկանց մոտ կոտրվածի նոր դեպքեր առաջանում եւ ինչպես կարելի է դրանցից խուսափել, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ օստեոպորոզի ռուսական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Օլգա Լեսնյակն է զրուցել:

Պարզվում է՝ կոտրվածքները տարբեր տիպի են լինում: Մեկ բան է, երբ այն ավտովթարի կամ լուրջ վնասվածքի արդյունքում է առաջացել, եւ բոլորովին այլ բան, երբ կոտրվածքի պատճառը թեթեւ վնասվածքն է. օրինակ՝ երբ մարդն ընկել է կամ նույնիսկ՝ փռշտացել (պրոֆեսորի պրակտիկայում մի շարք նմանատիպ դեպքեր են եղել):

Եթե թեթեւ վնասվածքը կորտրվածքի առաջացման է հանգեցնում, բարձր է հավանականությունը, որ տվյալ մարդու մոտ օստեոպորոզ կարող է լինել: Խոսքը մի հիվանդության մասին է, որի առկայության պարագայում ոսկրերի խտության կրճատում է նկատվում, ինչի արդյունքում դրանք փխրուն եւ խոցելի են դառնում: Իսկ եթե, հիվանդի մոտ մեկ կոտրվածք է եղել, ապա դրան, ամենայն հավանականությամբ, կոտրվածքի այլ դեպքեր կհաջորդեն:

Հեռանկարից խուսափելու համար հարկավոր է ոչ միայն առաջին կոտրվածքի բուժմամբ զբաղվել, այլ նաեւ՝ ոսկրերի խտությունը ստուգել: Եթե ախտորոշմամբ օստեոպորոզի առկայություն է հաստատում, հիվանդությունը, պրոֆեսորի խորհրդով, անպայման պետք է բուժում ստանա: Ճիշտ եւ արդյունավետ բուժմամբ հետագայում կոտրվածքի նոր դեպքերի կանխարգելում կարող է ապահովվել:

Կենսակերպը, ճիշտ սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը, բնականաբար, եւս մեծ դերակատարում ունեն՝ կոտրվածքների կանխարգելման հարցում, ինչը, սակայն, պրոֆեսորի խոսքով, երիտասարդ մարդկանց համար է առավել արդիական, որոնք դեռեւս կենսակերպը փոխելու եւ այդ կերպ մի շարք հիվանդություններից պաշտպանվելու հնարավորություն ունեն: Ողջ կյանքի ընթացքում ոչ ճիշտ սնված տարեց մարդն այլեւս դժվար թե կարողանա սովորույթից հրաժարվել:

Օլգա Լեսնյակն իր մասնակցությունն է բերել հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած՝ օստեոպորոզին վերաբերող հարցերով 8-րդ միջազգային ամենամյա սիմպոզիումին եւ կրնկակի կոտրվածքների կանխարգելման ծառայության կազմակերպման ռուսական փորձի վերաբերյալ զեկույցով հանդես եկել: