Հետքովիդային համախտանիշը 12-17 տարեկան դեռահասների վրա այլ կերպ է ազդում, քան 6-11 տարեկան երեխաների վրա, գրում է news.cn-ը։

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ անցկացված հետազոտության և չորեքշաբթի Ամերիկյան բժշկական ասոցիացիայի (JAMA) հանդեսում հրապարակված ուսումնասիրության՝ դեռահասներն ավելի հաճախ ուժերի անկում կամ հոգնածություն են զգացել, իսկ երեխաներն ամենաշատը գանգատվել են գլխացավից:

Հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ ավելի քան 60 բնակավայրերում 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի դեկտեմբերը SARS-CoV-2-ով վարակված 3860 երեխա և  դեռահաս:

Հետազոտողները հայտնաբերել են 18 երկարատև ախտանիշեր, որոնք ավելի տարածված են 6-11 տարեկան երեխաների շրջանում, մասնավորապես՝ գլխացավ, հիշողությանը կամ կենտրոնացմանն առնչվող խնդիրներ, քնի խանգարումներ և որովայնային ցավեր:

Դեռահասների շրջանում 17 ընդհանուր ախտանիշ ներառում է ցերեկային հոգնածություն, քնկոտություն կամ ուժերի անկում, մարմնի, մկանների կամ հոդերի ցավեր, գլխացավ և հիշողությանը կամ կենտրոնացմանն առնչվող խնդիրներ:

«Հետքովիդային համախտանիշի ախտանիշները նկարագրող հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է մեծահասակների վրա, ինչը կարող է հանգեցնել թյուր պատկերացումների, որ երեխաների մոտ հետքովիդային համախտանիշը հազվադեպ է կամ նրանց ախտանիշները նման են մեծահասակների ախտանիշներին», - նշել է  Առողջապահության ազգային ինստիտուտին առընթեր Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի սրտանոթային հետազոտությունների բաժանմունքի տնօրեն Դեյվիդ Գոֆը:

«Քանի որ ամբողջ կյանքի ընթացքում առանց ախտանիշների համարժեք նկարագրության ախտանշանները կարող են տատանվել մի երեխայից մյուս երեխայի միջև կամ տարբեր կերպ դրսևորվել, դժվար է հասկանալ՝ ինչպես օպտիմալացնել վարակված երեխաների և դեռահասների խնամքը»,-հավելել է Գոֆը: