Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում շարունակում է զբաղեցնել առաջին տեղը։ Ամեն տարի գրանցվում է հիվանդացության մոտ 2 500 000 նոր դեպք։ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության տվյալով՝ յուրաքանչյուր տարի այս հիվանդությունից աշխարհում մահանում է ավելի քան 1 800 000 մարդ։ Հայաստանում նույնպես թոքի քաղցկեղը և հիվանդացության, և մահացութան ցուցանիշներով առաջին տեղերում է։ «Ինչքան հասարակությունում շատ է ծխողների քանակը, այդքան թոքի քաղցկեղի հիվանդությունն ավելի բարձր է», – ասում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը։

Մեր երկրում լրջագույն խնդիր է թոքի քաղցկեղի ուշ հայտնաբերումը։ Պացիենտների ավելի քան 65% -ի մոտ հիվանդությունն ախտորոշվում է արդեն III-IV փուլերում, երբ բուժման արդյունավետությունը կտրուկ նվազում է։ Պացիենտն այլևս չի կարող վիրահատվել, իսկ բուժման մեթոդներն ընդամենը երկարացնում են կյանքը։

«Եթե մենք հայտնաբերում ենք առաջին փուլում, օրինակ՝ կարելի է միայն վիրահատությունով սահմանափակվել և դեղորայքային բուժման կամ ճառագայթային թերապիայի կարիք հիվանդը չի ունենում», – նշում է բժիշկը։ Քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու համար ռիսկի խմբում գտնվող անձինք տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն ցածր դոզարմամբ համակարգչային շերտագրում։ Դա հնարավորություն կտա բացահայտել հիվանդությունը վաղ փուլերում։ Ժամանակին սկսած ճշգրիտ բուժումը հնարավորություն է տալիս քաղցկեղը դարձնել քրոնիկ հիվանդություն, բուժել և պացիենտին հասցնել պրակտիկ առողջ վիճակի։ Ռիսկի խմբում են 50 և ավելի բարձր տարիքի ծխողները կամ կյանքի որևէ փուլում ծխած մարդիկ։ Քաղցկեղի բուժման ու ախտորոշման բոլոր մեթոդները Հայաստանում հասանելի են։ Քաղցկեղի մոլեկուլյար գենետիկ հետազոտության շնորհիվ հնարավոր է ախտորոշել յուրաքանչյուր պացիենտի քաղցկեղի լիարժեք պատկերը և կատարել անհատական բուժում։ Հայտնաբերվում են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսացող գենային փոփոխությունները, որոնք թիրախավորվում են նորագույն դեղերով և հասնում քաղցկեղի բջիջների լիարժեք ոչնչացման։ «Թիրախային դեղերն աշխատում են բանալի կողպեք մեխանիզմով։ Այսինքն, ունենալով շատ քիչ կողմնակի էֆեկտ, հրաշալի արդյունքի են բերում նույնիսկ չորրորդ փուլում։ Եվ նույնիսկ չորրորդ փուլում, երբ որ մենք վերջին մի քանի տարին մինչև 6-7 տարին ասում էինք, որ թոքի չորրորդ փուլի հիվանդներն ապրում են 1-ից 2 տարի մաքսիմում, թիրախային դեղերի առկայությամբ հիվանդները նույնիսկ չորրորդ փուլում կարող են ապրել 6-8-10 տարի իրենց դեղամիջոցը ստանալու հաշվին», – ասում է Հայկուհի Գյոքչյանը։ Մեկ այլ դեպքում, եթե չկան թիրախներ և չի իրականցվում թիրախային բուժում, կատարվում է իմունաթերապիա, երբ օրգանիզմի իմունիտետի խթանման միջոցով ճնշվում և ոչնչացվում են քացկեղային բջիջները՝ ապահովելով բուժման լավագույն արդյունք։

Էրեբունի ԲԿ ուռուցքաբանական կլինիկայում քննարկում էր Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ մուտացիաների ախտորոշման կարևորության վերաբերյալ։ Ներկայացվեց բուժման նոր մոտեցումը վաղ փուլի թոքի քաղցկեղ ունեցող այն պացիենտների համար, որոնց մոտ հայտնաբերվում է գենային ALK-անապլաստիկ լիմֆոցիտար կինազայի մուտացիան։

Մանրամասները տեսանյութում։