ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի դաշնային վարչությունը (FDA) հավանություն է տվել Pfizer-ի և Moderna ընկերությունների (համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյան) մշակած նորացված COVID-19 դեմ պատվաստանյութերը:

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ դեղամիջոցներն ուղղված են կորոնավիրուսի ներկայում տարածված շտամների դեմ և ավելի հուսալի պաշտպանություն են ապահովում ծանր ախտանիշներից։

Դեղագործական ընկերությունները մի քանի օրվա ընթացքում կսկսեն պատվաստանյութերի միլիոնավոր չափաբաժիններ մատակարարել:

Երրորդ դեղագործական ընկերությունը՝ Novavax-ը, հայտարարել է, որ մոտ ժամանակներս ակնկալում է իր նորացված պատվաստանյութի հաստատմանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը (CDC) առաջարկել է թարմացված պատվաստումներ կատարել մեծահասակների և 6 ամսականից բարձր երեխաների համար:

Նոր պատվաստանյութերը հաստատվել են COVID-19 վարակների նոր ալիքի և հիվանդությանն առնչվող հոսպիտալացումների և մահերի աճի պայմաններում: Սակայն համավարակի գագաթնակետից ի վեր պատվաստումների պահանջարկը նվազել է։

«Մենք համառորեն առաջարկում ենք բոլորին, ովքեր բավարարում են համապատասխան չափանիշները, մտածել նորացված COVID-19 պատվաստանյութ ստանալու մասին՝ ներկայում մոլեգնող շտամներից առավել արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար», - նշել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի դաշնային վարչության պատվաստանյութի բաժնի ղեկավար դոկտոր Փիթեր Մարքսը՝ ընդգծելով, որ «պատվաստումը «առաջվա պես COVID-19-ի կանխարգելման հիմնաքարն է»։

Նոր պատվաստումից հրաժարվելու որոշումը «վտանգավոր ճանապարհ է», - ասում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային հիմնադրամի կրտսեր աշխատակից, բժիշկ Ռոբերտ Հոփքինսը: Ըստ նրա՝ անգամ, եթե հիվանդը հեշտությամբ վերապրել է նախորդ վարակը, առանց նոր պատվաստանյութի, հաջորդ կորոնավիրուսային վարակը կարող է ավելի ծանր լինել կամ հանգեցնել COVID-ի ախտանշանների երկարաձգմանը։

Հոփքինսը միաժամանակ COVID-19-ից լուրջ հիվանդության կամ մահվան բարձր ռիսկի խմբում հայտնված մարդկանց կոչ է արել նորացված պատվաստանյութի համար հնարավորինս շուտ գրանցվել:

Բարձր ռիսկային խմբերին են պատկանում տարեցները, թույլ իմունային համակարգ կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ և հղիները:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միաժամանակ մարդկանց հորդորում են հիշել, որ թեև նախորդ COVID-19 վարակներն ու պատվաստումները որոշակի իմունիտետ են ապահովում վիրուսից, այդ իմունիտետը հավերժ չէ:

Անցյալ տարվա պատվաստումներն ուղղված էին կորոնավիրուսի մի շտամի, որն այլևս լայնորեն տարածված չէ:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միաժամանակ փորձում են մեղմել անհանգստությունները՝ COVID-19-ի և գրիպի համաաժամանակյա պատվաստումների առնչությամբ: Ըստ նրանց՝ դա նորմալ է ու առավել հարմար։