Նորերս UC Davis Health-ի հետազոտություն խոստումնալից արդյունքներ ցույց տվեց, որոնք կարող են օգնել ընդլայնելու դոնորների երիկամների հասանելիությունը: Հետազոտությոամբ պարզվել է, որ երիկամ, մասնավորապես՝ տոքսոպլազմայի մակաբույծով վարակված երիկամ ստացողները ողջ են մնացել, նրանք նույնքան լավ են տանում փոխպատվաստումը , որքան նրանք, ովքեր ստացել են այդ մակաբույծով վարակից զերծ երիկամներ, գրում է Newswise-ը։
Հետազոտության նոր բացահայտումները մարտահրավեր են նետում նման երիկամների օգտագործմանն առնչվող վաղեմի մտավախություններին, քանի որ ուսումնասիրության ընթացքում երկու խմբերի միջև էլ գրեթե նույնական գոյատևման և օրգանների կողմից մերժման մակարդակ է դիտվել:
Տոքսոպլազման խիստ տարածված մակաբույծ է, որը սովորաբար ոչ մի վնաս չի պատճառում, սակայն այն կարող է վտանգավոր լինել թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, մասնավորապես նրանց համար, որոնց օրգանները ենթարկվել են փոխպատվաստման, հայտնում է «Ֆոկուս»-ը։
Մտավախություն կա, որ տոքսոպլազմայի մակաբույծով վարակված երիկամը այն ստացողի օրգանիզմում կարող է վերակտիվացնել վարակը:
Սակայն հետազոտությունը, որը վերլուծել է 51 հազար փոխպատվաստման տվյալները, պարզել է, որ օրգանզիմի կողմից փոխպատվաստման մերժման և ձախողման մակարդակը նույնն է` մոտ 5%, ինչպես տոքսոպլազմայի մակաբույծով վարակված երիկամների փոխպատվաստման ենթարկված խնամյալների, այնպես էլ նրանց համար, ովքեր մաքուր երիկամներ են ստացել:
Այս նոր բացահայտումները նշանակալից են, քանի որ փոխպատվաստման կենտրոնները հակասում են տոքսոպլազմայի դրական դոնորների երիկամների վերաբերյալ իրենց քաղաքականությանը, և ոմանք առհասարակ հրաժարվել են դրանցից:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Transplant International հանդեսում և որի համահեղինակներն են մանկական նեֆրոլոգիայի բաժնի վարիչ Լավջայ Բութանին և մանկաբուժության պրոֆեսոր Դանիել Տանկրեդին, ցույց է տալիս, որ նման երիկամները կարող են անվտանգ օգտագործվել՝ պոտենցիալ կերպով կրճատելով փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների սպասման ժամանակը:
Միաժամանակ, հեղինակները խորհուրդ են տալիս լրացուցիչ մոնիտորինգ իրականացնել տոքսոպլազմա-դրական երիկամներ ստացողների համար, թեև նրանցից շատերը սովորաբար արդեն ստանում են տոքսոպլազմայի դեմ արդյունավետ դեղամիջոցի մեկ տարվա կուրսը՝ բաքթրիմը:
Հեղինակները նշում են, որ տոքսոպլազմա-դրական խնամյալների բուժման ընթացքի երկարաձգումը կարող է նվազագույնի հասցնել ցանկացած պոտենցիալ ռիսկ և այս երիկամները դարձնել ավելի կենսունակ: Ստացված արդյունքները կարող են հանգեցնել փոխպատվաստման կենտրոնների միջև ավելի միասնական քաղաքականության և օգնել բարձրացնելու փոխպատվաստման ենթակա երիկամների հասանելիությունը:
Քանի որ դոնորների երիկամների կարիքը շարունակում է աճել, ինչը մասնավորապես պայմանավորված է շաքարախտի և արյան բարձր ճնշման ցուցանիշների աճով, իրենց անհրաժեշտ օրգանները ժամանակին ստանալու խնամյալների հնարավորությունները բարելավելու առումով այս հետազոտությունը հույս է ներշնչում:






