Ozempic, Wegovy հայտնի դեղամիջոցները, որոնք օգտագործվում են շաքարախտի և ճարպակալման դեմ, կարող են առնչություն ունենալ հազվագյուտ հիվանդության հետ, որն առաջացնում է մեկ աչքի կուրություն։ Այս մասին ասվում է JAMA Ophthalmology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ Դրա շրջանակներում 17 հազար մարդու բժշկական քարտ է ուսումնասիրվել, գրում է Euronews-ը։
Պարզվել է, որ շաքարախտով հիվանդների շրջանում, որոնց սեմագլուտիդ է նշանակվել, որը վաճառվում է Wegovy և Ozempic անուններով, մոտ չորս անգամ ավելի հաճախ է տեսողական նյարդի ոչ զարկերակային իշեմիկ նեյրոպատիա (NAION) ախտորոշվել, մի հիվանդություն, որը ցավ չի առաջացնում, բայց անուժելի է: Ավելին, ավելորդ քաշ ունեցող հիվանդների մոտ, որոնք ստացել են այդ դեղամիջոցը, 7 անգամ բարձր է եղել NAION-ի զարգացման հավանականությունը, քան նրանք, ովքեր չեն ընդունել այն:
NAION-ն առաջանում է աչքն ուղեղին կապող տեսողական նյարդի արյան հոսքի նվազման հետևանքով, ինչը հանգեցնում է մեկ աչքի հանկարծակի և անդառնալի կուրության: Սա շատ հազվադեպ հիվանդություն է, որով հիվանդանում է 100 հազարից 2-ից 10 մարդ։ Այնուամենայնիվ, ինչպես ասում են հետազոտողները, այս դիտարկումները բժիշկներին և հիվանդներին պետք էմտածելու առիթ տան:
«Զարգացած արդյունաբերությամբ երկրներում այդ դեղերի օգտագործումը հասել է իր գագաթնակետին, և շատ դեպքերում դրանք բավականին օգտակար են, բայց ապագայում դրանք նշանակելիս բժիշկը և հիվանդը պետք է դիտարկեն NAION-ը որպես պոտենցիալ ռիսկ», - ասում է ուսումնասիրության համահեղինակ, Մասաչուսեթսի հիվանդանոցի նեյրո-ակնաբուժական ծառայության տնօրեն, դոկտոր Ջոզեֆ Ռիցոն:
Ուսումնասիրությունն ունի մի շարք կարևոր սահմանափակումներ։ Այսպես, գիտնականները դեռ չգիտեն՝ արդյո՞ք դեղն է կուրացման պատճառ դարձել, թե՞ նրանց ընտրանքը պատահաբար է ներառել հազվադեպ աչքի հիվանդություններով հիվանդների անսովոր բարձր տոկոս, ինչը ազդել է ընդհանուր արդյունքի վրա: Սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդների մոտ NAION-ի զարգացման ամենամեծ ռիսկը նկատվել է սեմագլուտիդ նշանակելուց հետո առաջին տարում․ սա ցույց է տալիս, որ կուրությունը կարող է առաջանալ դեղամիջոցի պատճառով:
Հետազոտողները հայտարարել են, որ իրենց բացահայտումները «կարևոր են, բայց նախնական»՝ կոչ անելով ավելի ուշադիր ուսումնասիրել սեմագլուտիդի և տեսողության կորստի միջև կապը: «Ուսումնասիրությունն օգտակար է բուժման և NAION-ի առաջացման միջև պոտենցիալ կապը բացահայտելու համար, բայց դա այն ուսումնասիրությունը չէ, որը կարող է ապացուցել, որ NAION-ի առաջացումը միանշանակ բուժումն է եղել», - պարզաբանել է ԱՄՆ-ի Հյուսթոնի մեթոդիստական հիվանդանոցի նեյրո-ակնաբույժ Էնդրյու Լին:
Ըստ Ռիցոյի, նոր բացահայտումները հատկապես կարևոր են այն մարդկանց համար, որոնք պատրաստվում են ընդունել դեղամիջոցը, հատկապես, եթե նրանք տեսողական նյարդի հետ կապված խնդիրներ ունեն, ինչպիսին գլաուկոման է:
Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ճարպակալման դեմ դեղամիջոցները կարող են նվազեցնել քաղցկեղի, սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը, սակայն դրանք կապված են ստամոքսի հազվագյուտ, բայց լուրջ խնդիրների հետ:
Սեմագլուտիդը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ դանիական Novo Nordisk ընկերությունը 2017 թվականին թողարկեց շաքարախտի դեմ Ozempic, իսկ 2021 թվականին Wegovy քաշի վերահսկման դեղամիջոցները:
Պահանջարկն այնքան է աճել, որ Եվրամիությունը բախվել է Ozempic-ի պակասի հետ: Այս ֆոնին Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը բժիշկներին կոչ է արել դեղը չնշանակել միայն «կոսմետիկ նպատակներով» և զգուշացրել է կեղծված դեղամիջոցների վտանգի մասին:






