Ոտնաթաթի պրոթեզները հիմնականում կամ կոշտ են, կամ սահմանափակ շարժունություն ունեն։ SoftFoot Pro պրոթեզի նախատիպը, որն ստեղծել են Իտալիայի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները, չեզոքացնում է այդ թերությունները, այն շատ շարժուն է, ընդամենը 450 գրամ է եւ դիմանում է մինչեւ 100 կիլոգրամ ծանրության ու նաեւ սնուցման կարիք չունի։

SoftFoot Pro-ն կազմված է գերամուր պլաստիկե հատվածների հինգ շղթաներից, որոնք միացված են միմյանց։ Առջեւի մասերը կատարում են մատների ֆալանգների դերը, իսկ հետեւի մասերը՝ ոտնաթաթի ոսկորի, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Յուրաքանչյուր շղթայի բաղադրիչ մասերը միացված են միմյանց հետ լայնակի ճկուն տարրերով, իսկ շղթայի ներսում կառույցի ամրությունն ապահովում է պողպատե լարը, որն ամրանում է տիտանե թաթին։

Ինքնատիպ է տիտանե աղեղնաձեւ մեխանիզմը, որը մի ծայրով միացած է ֆալանգների հիմքին, մյուսով՝ ոտնաթաթին։ Այս կառույցը մատների ֆալանգներին եւ թաթին հնարավորություն է տալիս ճկվել, ըստ էության՝ կատարում է նույն ֆունկցիան, ինչ եւ մարդու ոտնաթաթը։

SoftFoot Pro-ն ապահովում է էներգիայի կուտակումը մատների ծալվելու ժամանակ, յուրաքանչյուր քայլ կատարելիս, ինչից հետո արձակում է այդ էներգիան ոտնաթաթը գետնից կտրելիս, հաջորդ քայլից առաջ։ Հետքայլի դեպքում ճկուն կառուցվածքը կլանում է առաջացող բեռնվածության 10-50 տոկոսը։