Ուրոլոգ Կարո Դերձակյանը ապրում եւ աշխատում է Կալիֆորնիայում, որտեղ մասնավոր ուրոլոգիական կլինիկա է բացել: Սակայն Հայաստանի ուրոլոգիայի մասին նա շատ բան գիտի. տարիներ շարունակ ամեն տարի Հայաստան է գալիս՝ գիտաժողովներին մասնակցելու եւ այստեղի բոլոր զարգացումներին ծանոթանալու համար: Հենց հայաստանյան ուրոլոգիայի մասին է նրա հետ զրուցել NEWS.am Medicine-ի թղթակիցը:

Հայաստանյան ուրոլոգիան Կալիֆորնիայի ուրոլոգիայի հետ նա համեմատել չի ցանկանում, քանի որ, նրա խոսքով, Կալիֆորնիայում բժշկության գրեթե բոլոր ոլորտները մեկ քայլ առաջ են ոչ միայն շատ այլ երկրներից, այլեւ նույնիսկ ԱՄՆ այլ նահանգներից: Նրա կարծիքով, ճիշտ չէ այն պատկերացումը, թե այն ամենն, ինչ կա Կալիֆորնիայում, պետք է անպայման լինի նաեւ Հայաստանում: Մյուս կողմից, Հայաստանում իրոք կա գրեթե ամեն ինչ, ինչ կարելի է պատկերացնել:

Տարիներ առաջ շատ տեխնոլոգիաներ (օրինակ, MRI) Հայաստանում չկային, իսկ այսօր արդեն կան: Որոշ սարքավորումներ գուցե նույնիսկ ավելի շատ են, քան շատ այլ երկրներում: Իսկ այն սարքավորումները, որոնք այստեղ դեռ հասանելի չեն, շուտով մուտք կգործեն. Կարո Դերձակյանի կարծիքով, դա ընդամենը ժամանակի հարց է: Ճիշտ է, որոշ մոտեցումներ վերամշակման եւ վերանայման կարիք ունեն, բայց դա նույնպես ժամանակի հարց է:

Գնահատելով ուրոլոգիայի մակարդակը Հայաստանում՝ մասնագետը նշել է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ այս ոլորտը Հայաստանում մոտ 25 տարի է, ինչ գործում է, կարելի է միայն զարմանալ, թե ինչ արագ է այն զարգանում:

Ինչ վերաբերում է հայաստանցի բժիշկներին, նրանց մասին Կարո Դերձակյանը նույնպես լավ կարծիք ունի: Նրանք, մասնագետի խոսքով, շուտ են ընկալում բոլոր փոփոխությունները եւ միշտ փորձում են իրենք իրենց գերազանցել եւ հիվանդներին լավագույն ծառայությունները մատուցել: