Ցավն անհրաժեշտ կենսաբանական ազդանշան է, բայց տարբեր պայմաններ կարող են հանգեցնել այն բանին, որ այդ ազդանշանները խեղաթյուրվեն։ Քրոնիկական ցավով տառապող մարդկանց մոտ պատճառը հաճախ սխալ ազդանշաններն են, որոնք առաջացնում են կեղծ տագնապ՝ կապված վերքի, անդամահատված վերջույթի կամ այլ բարդ սցենարների հետ։

Պացիենտները մշտապես բուժման նոր տեսակներ են փնտրում։ Նոր սարքը, որն ստեղծել են Յութայի համալսարանում, կարող է դառնալ երկար սպասված լուծումը։ Ջոնի եւ Մարսիա Փրայսի ինժեներային քոլեջի եւ Սփենսեր Ֆոքս Էքլզի բժշկական դպրոցի հետազոտողները հրապարակել են փորձնական թերապիայի արդյունքները, որը թեթեւացրել է շատ մասնակիցների վիճակը բուժման մեկ սեանսից հետո։ Հետազոտության հիմքում ընկած է Diadem-ը՝ նոր սարք, որն օգտագործում է ուլտրաձայնը ուղեղի խոր մասերի ոչ ինվազիվ խթանման համար՝ խախտելով սխալ ազդանշանների հաղորդումը, որոնք հանգեցնում են քրոնիկական ցավի։ Արդյունքները հրապարակվել են Pain ամսագրում։

Նոր հետազոտությանը մասնակցել է քրոնիկական ցավ ունեցող 20 մարդ, նրանցից յուրաքանչյուրն անցել է երկու 40 րոպեանոց սեանս՝ ստանալով կամ իսկական, կամ կեղծ ուլտրաձայնային խթանում։

Պացիենտներն իրենց ցավերը նկարագրել են սեանսներից մեկ օր եւ մեկ շաբաթ հետո, ընդ որում՝ մասնակիցների 60 տոկոսը, որոնք իսկական բուժում են ստացել, տեղեկացրել են երկու դեպքում էլ ախտանշանների նշանակալի նվազման մասին։ Diadem մոտեցումը հիմնված է  նեյրոմոդուլյացիայի վրա՝ թերապեւտիկ տեխնիկա, որն ուղղված է ուղեղի որոշակի հատվածների ակտիվության չմիջնորդավորված կարգավորմանը։

Ներկայում թիմը պատրաստվում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին՝ Diadem-ի օգտագործման նպատակով Դեղամիջոցների եւ մթերքների վերահսկման վարչության հավանությունն ստանալու համար։