Հայկական հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջության հայկական հանդես» պարբերականը կայացման հինգ տարի է անցել, եւ հիմա հիմնադիրները ծրագրում են ամսագիրը հասցնել ընդունելի գիտական մակարդակի, որպեսզի այն ընդունվի գիտական հանրության կողմից, առաջին հերթին՝ ԱՊՀ երկրներում, այնուհետեւ նաեւ ամբողջ աշխարհում: Այս մասին այսօր՝ ամսագրի 5-ամյակին նվիրված խմբագրական խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ տեղեկացրեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սկզբում տարաձայնություններ կային. Հայկական բժշկական ասոցիացիայի ղեկավար Պարունակ Զելվեյանն առաջարկում էր ամսագիրը չհրատարակել, մինչեւ այն չհամապատասխանի ժամանակակից գիտական բոլոր չափանիշներին, իսկ Սողոյանն առաջարկում էր սկսել թողարկել, եւ աստիճանաբար այն հասցնել անհրաժեշտ մակարդակի: Սողոյանի խոսքով՝ հաղթեց իր տեսակետը, եւ սկզբում ամսագիրը պատրաստում էին՝ ինչպես կարողանում էին, իսկ այսօր այն արդեն ընդգրկված է այն ամսագրերի ցանկում, որոնք ճանաչված են Հայաստանի Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի կողմից, իսկ հետագա ծրագրերից է այն ԱՊՀ-ի, իսկ հետո, եթե հաջողվի, նաեւ համաշխարհային «շուկա» մտցնել:

Խմբագրական խորհրդի նիստի ժամանակ Արմեն Սողոյանը նաեւ տեղեկացրեց, որ փոխվել է ամսագրի պատասխանատու խմբագիրը. Արթուր Մկրտչյանին փոխարինել է Սամվել Սուքիասյանը: Նոր խմբագիրը շատ կարեւոր խնդիր նշեց. փոքր հասարակությունում շատ դժվար է հետեւել գիտական աշխատանքի գնահատման օբյեկտիվ չափանիշներին, սակայն, ամեն դեպքում, կոչ արեց ռեցենզենտներին հնարավորինս օբյեկտիվ լինել եւ կարողանալ մերժել ցածրորակ աշխատանքները:

Խմբագրական խորհրդի նիստի ժամանակ ամսագրի ձեւաչափի եւ բովանդակության վերաբերյալ մի շարք  առաջարկություններ հնչեցին: Մասնավորապես, առաջարկվեց 2015 թվականին թողարկվելիք ամսագրի համարներից մեկը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ մեկտեղելով գոյություն ունեցող հետազոտություններն այն մասին, թե այդ ողբերգական իրադարձություններն ինչպիսի ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի հոգեկան առողջության վրա:

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի առաջին համարը լույս է տեսել 2009 թվականին, MedPractic ընկերության աջակցությամբ: Ներկայում ամսագիրը հրատարակվում է հովանավորների աջակցությամբ, որոնց թվում հիմնականում դեղագործական ընկերություններ են:

Ա.Սողոյանը լրագրողներին հետաքրքիր դեպք պատմեց, թե ինչպես լինելով լիցենզավորման գործակալության ղեկավար՝ արգելել է մի դեղամիջոցի գովազդը տեղադրել իր ամսագրում, քանի որ տվյալ դեղամիջոցի գովազդն արգելվում էր: «Փաստորեն՝ ես անձամբ արգելք եմ սահմանել այն գովազդի վերաբերյալ, որը հենց ինձ էր հարկավոր՝ ամսագրի հրատարակության համար»,- նշեց նա: