Փարիզում բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի 22-ամյա Էվա Խաչատուրյանը չի ցանկացել ամառային արձակուրդներն անցկացնել ընկերների հետ և զվարճանալ ու ճանապարհորդել։ Փոխարենը նա նախընտրել է օգտակար ժամանակ անցկացնել և այցելել իր նախնիների հայրենիք: Այդ իսկ պատճառով նա որոշել է գալ Հայաստան և մեկ ամիս անցկացնել «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես կամավոր. նա ակնկալում էր, որ դա իրեն թույլ կտա փորձ ձեռք բերել և զարգացնել իր մասնագիտական հմտությունները, իսկ Հայաստանը և հայությունը տեսնել ոչ թե զուտ զբոսաշրջիկի աչքերով, այլ, այսպես ասած, «ներսից»։
Կամավորության մեկ ամիսը, որի ընթացքում նա հետևել է «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի կատարած վիրահատություններին, ըստ Էվայի, նույնիսկ գերազանցել է իր սպասելիքները, և ինքը շատ բան է հասցրել սովորել։
«Արտեմ Ստեփանյանը շատ հյուրընկալ էր, ընկերասեր, շատ պարզ բացատրում էր, թե ինչ է անում վիրահատության ժամանակ, պատմում էր տեխնիկայի մասին, որ կիրառում էր: Ցավոք սրտի, ես հայերեն լավ չեմ հասկանում, ուստի վիրահատարանում նա սովորաբար խոսում էր անգլերեն, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ես իսկապես բախտավոր եմ, որ աշխատել եմ նման մասնագետի հետ»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ուսանողը։
Էվան նաև խոստովանեց, որ նույնիսկ մի փոքր զարմացել է այստեղ եվրոպական և ամերիկյան կլինիկաների մակարդակի սարքավորումներով զինված բժշկական կենտրոն տեսնելով։ Ավելին, Էվան կարճ ժամանակում նաև համոզվել է, որ այստեղ աշխատանքի մոտեցումները չեն զիջում Արևմուտքում կիրառվողներին, և որոշ մեթոդներ այստեղ ավելի լավ են կիրառվում, քան Ֆրանսիայում, որտեղից նա եկել է։
.jpg)
Հիշեցնենք, որ «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում, որն ունի ESGO (Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի) վկայական։ Իսկ ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը կազմակերպության խորհրդի անդամ է։ Ավելին, թիմն ակտիվորեն համագործակցում է ESGO-ի հետ օնկոգինեկոլոգիայի վերաբերյալ բժշկական վարվելակարգերի և դասագրքերի ստեղծման ուղղությամբ:
Վերջին ամիսներին օտարերկրյա բազմաթիվ բժիշկներ և ուսանողներ են եկել Հայաստան՝ հետևելու եվրոպական վարվելակարգերի համահեղինակ Արտեմ Ստեփանյանի աշխատանքին, որը մասնակցում է միջազգային չափանիշների մշակմանը։ Այսպես, վերջերս ԲԿ է այցելել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բարձրագույն կարգի գինեկոլոգ Ֆիլիպ Նենախովը։
Վերջերս այստեղ են եղել նաև լեհ մասնագետներ Պյոտր Դոմարացկին և Պյոտր Բեռնարը, որոնք եկել էին ծանոթանալու բարդ վիրահատություններ իրականացնելու տեխնիկային։
Արտեմ Ստեփանյանի մոտ պրակտիկա անցնելու են գալիս նաև օրդինատորներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք ընտրել են օկոգինեկոլոգիա մասնագիտացումը։






