Կենսաբանական հետազոտություններում ներկայումս օգտագործվող պատկերման մեթոդները հնարավորություն չեն տալիս թափանցել հյուսվածքների ավելի խորը շերտերը: Քաղցկեղի բուժման դեպքում դա նշանակում է, որ ուռուցքի մնացորդները կամ առանձին քաղցկեղային բջիջները ուռուցքի եզրերին և ավշային հանգույցներում տեսանելի չեն:
Հետևաբար, վիրահատություն կատարող բժիշկներին մշտապես անհանգստացնում է այն բարդ հարցը, թե արդյոք ախտահարված բոլոր հյուսվածքներն են հեռացվել: Հիվանդի կյանքի որակը բարելավելու համար ուռուցքի ամբողջական հեռացումը նույնքան կարևոր է, որքան առողջ հյուսվածքների և օրգանների պահպանումը:
Օլիվեր Բրունսի, Անդրեյ Չմիրյովի, Էլեն Սլեթենի և Քրիստոֆեր Ռոուլանդի գլխավությամբ Դրեզդենի տեխնիկական համալսարանի գիտնականները իրենց հետազոտությունների ընթացքում օգտագործում են կարճալիք ինֆրակարմիր ճառագայթումը: Ավելի պակաս ցրման շնորհիվ այն կարող է ավելի խորը ներթափանցել հյուսվածքի մեջ, ինչը թույլ է տալիս բարելավել հյուսվածքային կառուցվածքների տեսանելիությունը, գրում է News Medical Life Sciences-ը։
Գիտնականների թիմը մտադիր է հիմնարար հետազոտություններ անցկացնել և օգտագործել նոր ֆիզիկական էֆեկտները՝ կարճալիք ինֆրակարմիր պատկերներ ստանալու օպտիմալ պայմանները որոշելու համար։
Այդ նպատակով նրանք աշխատում են հատուկ զոնդերի և նորարարական մանրադիտակի ստեղծման ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան հաղթահարել նախկին մանրադիտակային մեթոդների սահմանափակումները: Այս բարձր արդյունավետ նորարարական տեխնոլոգիաները կարող են օգտագործվել կենսաբանական հետազոտությունների և բժշկական ախտորոշման տարբեր ոլորտներում և առաջին անգամ թույլ կտան հյուսվածքի ավելի խորը շերտերի ոչ ինվազիվ մանրադիտակային հետազոտություն անցկացնել:






