Օստեոպորոզի դեմ պայքարի հիմնախնդիրները քննարկման մեկ կլոր սեղանի շուրջ համախմբեցին առողջապահական, հասարակական, կրթական ոլորտները ներկայացնող մասնագետներին: Միջոցառմանը մասնակցեց նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Կլոր սեղանի նպատակն էր քննարկել օստեոպորոզի բուժման եւ կանխարգելման գործում մեր երկրի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նշեց, որ շատ կարեւոր է, որպեսզի ոլորտի մասնագետները պարբերաբար հիշեցնեն բնակչությանը օստեոպորոզի մասին եւ մատչելի ներկայացնեն հիվանդությունից խուսափելու հնարավորությունները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց օստեոպորոզի դեպ պայքարի ազգային ծրագրի մշակման անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է արտերկրի մասնագետներին Հայաստանին աջակցել չափորոշիչների, ուղեցույցների մշակման գործում:
«Մասնակցում են բոլոր կողմերը՝ բժշկական հանրության ներկայացուցիչներ, առողջապահության կազմակերպիչներ, հասրակական կազմակերպություններ, կրթական հաստատություններ: Նպատակը հարցին հնչեղություն տալն է, ի տես բերելը, որպեսզի մարդիկ հասկանանան, որ լուծումները միասնական քայլեր են պահանջում: Դրանք կարող ենք լինել ազգային ծրագրի, կոնկրետ միջոցառումների տեսքով: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ սա է ամենակարեւոր շեշտադրումը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ եւ ոսկրային հիվանդությունների բաժնի ղեկավար, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամիանդամ Ջոն Բելեզիկյանի եւ իր թիմակիցների, ինչպես նաեւ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի առաջնորդ, բժիշկ Օլգա Լեսնյակի կողմից բարձրաձայնվեց Հայաստանում օստեոպորոզով հիվանդների վիճակագրական տվյալների հավաքագրման եւ սկրինիկգային ծրագրերի կազմակերպման, տեղական ուղեցույցների մշակման, առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի քարոզման, հիվանդության ժամանակին կանխարգելման, ախտորոշման եւ բուժման անհրաժեշտության մասին:
2007թ. գործող «Օստեոպորոզի հայկական ասոցիացիան» հիվանդության կանխարգելման ուղղությամբ հսկայական աշխատանք է տանում:
Ասոցացիայի նախագահ Վարտա Բաբալյանի գնահատմամբ, իրականցվել են դասընթացներ, վերապատրաստում, կատարվել է իրազեկման լուրջ աշխատանք ամենատարբեր խավերի ներկայացուցիչների համար: Առողջ ապրելակերպը օստեոպորոզից խուսափելու առաջին գրավականն է: Վարտա Բաբալյանի խոսքով` ձեռքբերումներին զուգահեռ կան հսկայական անելիքներ: Այս նպատակով մասնագիտական այս միավորումը համագործակցում է բժշկական մի շարք կառույցների հետ:
«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն էր սկսել 8-րդ ամենամյա գիտաժողովը: Հոկտեմբեր 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է: Ասոցիացիայի նախաձեռնությամբ նույն օրը կանցկացվի իրազեկման միջոցառում, որի ընթացքում անցորդներին կբաժանվեն հիվանդության եւ դրա կանխարգելման մասին տեղեկատվական թերթիկներ:






