«Նաիրի» բժշկական կենտրոնում շտկում են 7–ամյա տղայի ականջների արտացցվածությունը, կամ ժողովրդական լեզվով ասած՝ լոշտակությունը։ Այս խնդիրը զուտ էսթետիկական է, առողջական ոչ մի վտանգ չի պարունակում, բայց կարող է հոգեբանական բարդություններ առաջացնել երեխայի մոտ։ Այսինքն՝ չկա լոշտակությունը վերացնելու բժշկական ցուցում, միջամտություն կարող է կատարվել միայն պացիենտի, երեխաների դեպքում՝ ծնողների ցանկության հիման վրա։ Խնդրի լուծումը վիրահատական է։

«Որը կոչվում է օտոպլաստիկա։ Այսինքն, ականջախեցիների փոփոխություն։ Այդ անկյունը գանգի հետ, այդ արտացցված անկյունը փոքրացնել  եւ ականջները հետ տանել։

Ականջախեցու հետին հատվածով ա կտրվածքը կատարվում, արտաքինից  ոչինչ չի երևում։ Համապատասխան կարերով, աճառի մշակումով մենք հասնում ենք մեր ցանկացած նպատակին, արդյունքին։ Կարերը հեռացվում են 7-ից 8 օր հետո։ Որոշակի ժամանակահատված մի 10 օր, 2 շաբաթ հիվանդները կրում են գլխարկի նման բան, ուղղակի ականջախեցիները ֆիքսելու նպատակով և մոտավորապես 3 շաբաթ հետո հիվանդը լիարժեք արդեն ընդգրկվում ա հետագա գործունեության», – ասում է ՔԿԱ և աուդիոլոգիական ծառայությունների ղեկավար Գնել Անանյանը։

Օտոպլաստիկա կարելի է կատարել 6 տարեկանից, երբ դադարում է ականջախեցիների աճը, և դրանք վերջնականապես ձեւավորվում են։ Մինչև 12–13 տարեկան երեխաների օտոպլաստիկան կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, իսկ մեծահասակներին հնարավոր է վիրահատել տեղային անզգայացմամբ։

«Ավագ սերնդի, հասուն հասակում նման վիրահատությունները կարելի է կատարել տեղային ցավազրկումով։ Որովհետև ականջախեցիները կարելի է լավ ցավազրկել եւ հանգիստ կատարել վիրահատությունը», – ասում է բժիշկը։

Ըստ վիճակագրության՝ լոշտակություն ունենում է 1000-1500 մարդուց մեկը։ Ականջների արտացցվածությունը կարող է լինել գենետիկական, կամ ձեռքբերովի՝ տրավմայի հետևանքով։  Հանդիպում են ականջախեցիների այլ ձևախեղումներ եւս, որոնք կարող են նաև որոշակի առողջական խնդիրներ առաջացնել։

«Մակրոտիաներն են, այսինքն չափից ավելի մեծացած ականջներ կամ փղի ականջներ։ Եվ կան միկրոտիաներ, այսինքն ականջախեցու տարատեսակ թերզարգացումներ, որոնք որ բերում են ոչ միայն արտաքին ականջի ձեւի տարատեսակ խախտումների, նաեւ լսողական խնդիրների», – ներկայացնում է մասնագետը։

Մակրոտիան ևս շտկվում է վիրահատական եղանակով՝ ականջախեցիները փոքրացվում են։ Այս վիրահատությունը կարող է կատարվել լոշտակության շտկման հետ միաժամանակ։ Միկրոտիաների դեպքում կատարվում են ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ ականջախեցին ամբողջապես վերականգնելու համար։ Այս բոլոր միջամտությունները հաջողությամբ իրականացվում են «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունում։