Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia հանդեսում, ընդգծում է այս վիճակների միջև գլխուղեղի խանգարումների հնարավոր ընդհանրությունը, ինչը հետազոտության և բուժման նոր ուղիների համար կարող է ճանապարհ հարթել:
Հետազոտությունն անցկացվել է համաշխարհային մասշտաբով և միավորել է նյարդաբանության տարբեր ոլորտների փորձագետների:
Հետազոտությունը ղեկավարել են բրիտանական Բժշկական քոլեջի գիտնականները:
Նրանք իրենց աշխատանքը կենտրոնացրել են «ուղեղի մշուշն» ընկալելու վրա, որը COVID-19-ը վերապրածների շրջանում ի հայտ է գալիս վիրուսից ապաքինվելուց ամիսներ անց:
Այս մշուշը ներառում է հիշողությանը, գիտակցության խճճվածությանն ու կենտրոնանալու դժվարությանն առնչվող խնդիրներ:
Ըստ հետազոտության հեղինակների՝ «COVID-19-ով հիվանդների մոտ ուղեղի ներքին գործունեության դանդաղեցումն ու խախտումը հիշեցնում է Ալցհայմերի հիվանդության և հարակից դեմենցիայի ժամանակ նկատված խախտումներին»:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ COVID-19-ի հետևանքով ի հայտ եկած ճանաչողական ունակությունների խնդիրներն արտացոլում են ուղեղի նույն փոփոխությունները, ինչ դեմենցիայի դեպքում:
Հետազոտության արդյունքներն ընդգծում են այս խմբերի համար ուղեղի ֆունկցիայի կանոնավոր ստուգումների կարևորությունը, հատկապես՝ մատչելի գործիքների, մասնավորապես՝ Էլեկտրաուղեղագրության (EEG) կիրառմամբ:
Առանցքային հայտնագործություններից մեկը աստղացիտների դերն է՝ գլխուղեղի հենարանային բջիջները, որոնք այնքան մանրակրկիտ չեն ուսումնասիրվել, որքան նեյրոնները: Աստրոցիտը նեյրոնների և արյունատար անոթների միջև տեղակայված կենտրոնական նյարդային համակարգում աստղաձև բջիջ է, որը քանակով մի քանի անգամ գերազանցում է նեյրոններին։
Հետազոտությունը ենթադրում է, որ այս բջիջների վնասումը կամ ակտիվացումը COVID-19-ով կարող է առաջացնել սինապտիկ դիսֆունկցիա՝ հանգեցնելով երկու վիճակներում նկատվող ուղեղի անոմալ ակտիվության:
Այս բացահայտումը կարևոր է, քանի որ այն կարող է օգնել բացատրել՝ ինչու են COVID-19 հիվանդների EEG-ի օրինաչափությունները նմանվում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդության վաղ փուլերում:






