Գենետիկական վերջին հետազոտությունների համապարփակ վերանայման ժամանակ գիտնականները բացահայտել են մեր գեների գործունեության թաքնված բարդության մակարդակը՝ նոր լույս սփռելով հիմնական հոգեկան խանգարումների կենսաբանական հիմքերի վրա:
Genomic Psychiatry գիտաբժշկական հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ գեների էքսպրեսիայի վրա ազդող «այլընտրանքային պոլիադենիլացում» (APA) կոչվող գործընթացը կարող է վճռորոշ գործոն լինել՝ որոշելու մարդու հոգեկան դրությունների զարգացման ռիսկը, մասնավորապես՝ շիզոֆրենիայի, երկբևեռ խանգարման և դեպրեսիայի դեպքում:
Այս նոր հայտնագործությունը բարդ հոգեկան խանգարումները հասկանալու և դրանց հնարավոր բուժման համար ուշագրավ հնարավորություններ է բացում:
Հետազոտությունը կենտրոնանում է APA-ի վրա՝ մեխանիզմ, որն ազդում է հաղորդիչ ՌՆԹ (mRNA) մոլեկուլների կայունության և տեղայնացման վրա, որոնք հիմք են ծառայում բջիջներում սպիտակուցի արտադրության համար:
Օգտագործելով բարդ հաշվողական եղանակներ՝ հետազոտողները վերլուծել են բազմաթիվ լայնածավալ գենետիկական հետազոտությունների տվյալները՝ բացահայտելով 286 գեն, որոնց APA-ի օրինաչափություններն առնչվում են հոգեկան խանգարումներին: Հատկանշական է, որ այս գեների 60-65%-ը այս պայմանների հետ այլ գենետիկ մեխանիզմների միջոցով նախկինում կապված չեն եղել:
«Այս բացահայտումը ցույց է տալիս, որ APA-ն ըստ ամենայնի՝ հոգեբուժական գենետիկայի մեր ըմբռնման մեջ«բացակայող օղակն» է», - պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Սյանմինգ Սյույը: «Դա օգնում է բացատրել՝ ինչու գենետիկ ռիսկի գործոններ ունեցող որոշ մարդկանց մեջ խանգարումներ են առաջանում, իսկ մյուսների մեջ չեն առաջանում»:






