Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը հերքում է, որ Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր են գրանցվել հուլիսի 4–ից։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ, ըստ երևույթին, վրիպակ է եղել, հուլիսի 4–ին անգամ փոխանցողների՝ մոծակների մոտ վիրուս դեռ չէր հայտնաբերվել։

Նա կրկին պնդեց, որ Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստանում առաջին անգամ գրանցվել է օգոստոսի 7–ին, իսկ մոծակների մոտ վիրուսը հայտնաբերվել է հուլիսի կեսերին։

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը հայտնել էր, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում գրանցվել է հիվանդության 51 դեպք և 3 մահ։

ՀՎԿԱԿ տնօրենը պնդեց, որ մինչ որս ամբողջ հանրապետությունում գրանցվել է հիվանդության 92 դեպք, և Արևմտյան Նեղոսի տենդից միայն մեկ հաստատված մահ ունենք։

Առողջապահության նախարարությունը ևս հանդես է եկել հերքումով, նշելով, որ դեռևս արձանագրված չէ 3 մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։

«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։