Խոլերայով հիվանդանալու եւ դրանից մահվան դեպքերի թիվը անցած տարի կտրուկ ավելացել է, չորեքշաբթի տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կոչ անելով ավելի շատ բան անել այդ հիվանդության դեմ պայքարի համար, որը կարելի է կանխել, հայտնել է AFP-ը։

ՄԱԿ գործակալության նոր տվյալների համաձայն՝ խոլերայից մահացությունն ավելացել է 71 տոկոսով, իսկ հիվանդության դեպքերի թիվը 2023թ. ավելացել է 13 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։

«Անցած տարի խոլերայից մահացել է 4 000 մարդ՝ չնայած այն բանին, որ այն կարելի է կանխել եւ հեշտ բուժել,- մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։- Հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, ոչ անվտանգ ջրամատակարարումը եւ սանիտարիան, աղքատությունը եւ բնակչության տեղափոխությունները նպաստում են խոլերայի բռնկումների աճին»։

Խոլերայից ամենից շատ տուժած շրջաններում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։ Ստացված տվյալների համաձայն՝ Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում հիվանդության դեպքերի թիվը կրճատվել է 32 տոկոսով, մինչդեռ Աֆրիկայում գրանցվել է զգալի աճ՝ 125 տոկոսով։

Թեդրոսի խոսքով՝ այսօրվա դրությամբ այս տարի գրանցվել է հիվանդության ավելի քան 342 000 եւ մահվան 2 400 դեպք, 22 երկրներ տեղեկացնում են ակտիվ բռնկումների մասին։