Ամերիկյան Scripps Research բժշկական եւ հետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են ավելի քան 300 սպիտակուցներ, որոնք կարող են դառնալ նոր թիրախներ հակաքաղցկեղային դեղերի ստեղծման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Chemistry (NatChem) ամսագրում։
Ուռուցքաբանական հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հաճախ հանգում է չարորակ բջիջների բազմացումը կանգնեցնելուն։ Դա պահանջում է այն սպիտակուցների դերի ավելի խոր ընկալում, որոնք քաղցկեղի բջիջներն օգտագործում են իրենց գոյությունն ապահովելու համար։ Այդ սպիտակուցների ուսումնասիրությունը կարեւոր նշանակություն ունի՝ թույլ տալով հետազոտողներին հայտնաբերել սպիտակուցներն ու դրանց առանձին հատվածները, որոնք պետք է դառնան թիրախ նոր դեղամիջոցների ստեղծման համար։
Օգտագործելով սպիտակուցների ուսումնասիրության մեթոդների համադրությունը դրանց ակտիվության հիման վրա (ABPP)՝ հետազոտական խումբը պարզել է, թե ինչ սպիտակուցներ եւ դրանց հատվածներ են փոխգործակցում քիմիական նյութերի հետ։ Scripps Research-ի գիտաշխատողները պարզել են ավելի քան 300 ցածր մոլեկուլյար նյութեր, որոնք արձագանքում են քաղցկեղի սպիտակուցներին, ինչպես նաեւ ցածր մոլեկուլյարների հետ դրանց կապվելու հատվածները։
Գիտնականները հավաստիացնում են, որ կրիտիկականորեն կարեւոր սպիտակուցային թիրախների պարզումը, որոնք, հատուկ քիմիական նյութերի (կամ ցածր մոլեկուլյարների) հետ փոխգործակցելով, կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների զարգացումը, ապագայում կարող է ճանապարհ հարթել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ավելի հզոր եւ նպատակահարմար մեթոդների ստեղծման համար։






