Վարակները փոխանցվում են թռչունների միջոցով, և տարանցիկ կերպով թռչունները վարակում են նաև մոծակներին: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդանալու ձևերին:

«Հենց առաջին օրերին մեծածավալ աշխատանք են իրականացրել՝ մոծակների մեջ հայտնաբերելու վիրուսը և փաստելու, որ այդ նույն շտամն է»,- ասաց նախարարը և հավելեց, որ սա վիրուս է, որ մարդուց մարդ չի փոխանցվում, այլ միայն մոծակից՝ մարդ խայթոցի միջոցով, սա է, որ նվազեցնում է փոխանցման ռիսկը:

Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմության բարձրացում, նյարդաբանական խնդիրներ, գիտակցության մթագնում:

«Հիվանդացածների 80 տոկոսի մոտ ընդհանուր առմամբ անախտանիշ է ընթանում: Միայն 20 տոկոսի մոտ դիտվում են որոշակի սիմպտոմներ, և կարող է լինել բարդացում, ինչը նկատվում է տարեց անձանց մոտ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում: