Էբոլայով վարակված երկրորդ ամարիկացի բուժքրոջը Դալասից տեղափոխել են Ատլանտայի հիվանդանոց։ Ավելի վաղ այդ հիվանդանոցում երկու հոգու արդեն բուժել են մահացու հիվանդությունից։

Հիշեցնենք, որ 29–ամյա Էմբեր Ուիլսոնը վարակվել է Էբոլա հեմոռագիկ տենդով լիբերիացի Թոմաս Դունկանից, ով մահացել է հոկտեմբերի 8–ին։

Էմբերի հիվանդությունն ախտորոշվել է հոկտեմբերի 14–ին այն բանից հետո, երբ նա վերադարձել է փոքրիկ ճամփորդությունից։ Անցյալ շաբաթ Էմբերը Տեխասից մեկնել է Օհայո բարեկամների մոտ, ովքեր այժմ նույնպես ռիսկային խմբում են, հաղորդում է «ՄԻՐ 24»–ը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի–ն, Տեխասի Դալասի Երիցական հիվանդանոցի ղեկավարությունը, որտեղ բուժում էր ստանում Էբոլայից մահացած Թոմաս Էրկ Դունկանը, որոշել է  ներողություն խնդրել  հիվանդության ախտորոշման ժամանակ թույլ տված սխալների համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դունկանը բարձր ջերմությամբ հիվանդանոց է դիմել երկիր ժամանելուց անմիջապես հետո՝ սեպտեմբերի 20–ին, սակայն նրան տուն են ուղարկել, հակաբիոտիկ նշանակելով, եւ հոսպիտալացրել են միայն սեպտեմբերի 28–ին։ Հետագայում նրա վիճակը վատթարացել է, եւ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

«Ցավոք սրտի, չնայած մեր ջանքերին եւ բուժանձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակին, Դունկանի բուժման ընթացքում մենք մի շարք սխալներ ենք թույլ տվել։ Մենք չկարողացանք ճիշտ ախտորոշել Էբոլայի ախտանշանները», – ասվում է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դանիել Վարգայի հայտարարության մեջ։  

Նշենք, որ Էմբերը երկրորդ բուժքույրն է, ով Դալասի հիվանդանոցում վարակվել է Դունկանից։ Առաջինը հիվանդությունն ախտորոշվել էր 26–ամյա Նինա Ֆամի մոտ։