ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եկեղեցու սեղանատանը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:

«Ռուսաստանում բնակվող հայ բժիշկները էական ներդրում են ունեցել բժշկագիտության, առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռուսաստանում աշխատում են անվանի հայ բժիշկներ, միայն Մոսկվայում նրանցից 1500-ը գիտությունների թեկնածու են, 10-ը՝ ակադեմիկոս: Շատերը հաջողությամբ ղեկավարում են կլինիկաներ, բժշկական ինստիտուտներ, բաժանմունքներ, համալսարանական ֆակուլտետներ»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նախարարը կարեւորել է բժշկագիտության զարգացմանը միտված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Համագումարին մասակցում էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բագրատ Ալեքյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ասոցացիայի գործադիր մարմնի ընտրություն: Զեկուցումներով են հանդես եկել ասոցացիայի փորձագիտական խմբերի, ինչպես նաեւ հայաստանյան առողջապահական գիտական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների առաջատար ներկայացուցիչները: Հաստատվել է ասոցացիայի 2014-2016 թթ. գործունեության օրակարգը: Տեղի են ունեցել նաեւ հանդիպումներ մոսկվայաբնակ անվանի հայ բժիշկների հետ, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:  Քննարկվել են նոյեմբերին Երեւանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր: