Կապիկի ծաղիկի պատվաստանյութը (mpox) MVA-BN, որն արտադրել է դանիական «Bavara Nordic A/S» դեղագործական ընկերությունը, առաջինն է նախաորակավորում անցել: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ակնկալվում է, որ նախնական որակավորմանը տված հավանությունը կհեշտացնի դեղամիջոցի ժամանակին և ընդլայնված հասանելիությունը, կնվազեցնի վարակի փոխանցումը և կօգնի զսպել հիվանդության բռնկումը, հայտնում է afn-ը։
«Այժմ մենք շտապ պետք է մեծացնենք գնումները, նվիրատվությունները և ներդրումները, որպեսզի ապահովենք պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, որտեղ դրանք ամենաանհրաժեշտն են, ինչպես նաև հանրային առողջության այլ գործիքներ կիրառենք՝ վարակը կանխելու, փոխանցումը դադարեցնելու և կյանքեր փրկելու համար», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ինչպես նշում է ԱՀԿ-ն, դեղամիջոցը կարող է կիրառվել 18 տարեկանից բարձր մարդկանց համար՝ որպես ներարկում երկու չափաբաժնով՝ 4 շաբաթ ընդմիջումով։ Նախապես սառնարանում պահելուց հետո պատվաստանյութը կարելի է պահել 2-ից 8 աստիճան ջերմաստիճանում մինչև 8 շաբաթ։
ԱՀԿ-ն նաև խորհուրդ է տալիս մեկ չափաբաժնի օգտագործում բռնկման իրավիճակներում, եթե մատակարարումները սահմանափակ են: Նախքան շփումը մեկ չափաբաժնի կիրառումը ԱՀԿ-ն գնահատում է 76%-ով արդյունավետ, մինչդեռ երկու չափաբաժնով սխեման արդյունավետ է 82%-ով:
ԱՀԿ-ն առաջին անգամ կապիկի ծաղիկն արտակարգ իրավիճակ ճանաչեց 2022 թվականի հուլիսին, իսկ 2023 թվականի մարտին ռեժիմը վերացվեց: 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունիսը աշխարհում պաշտոնապես գրանցվել է կապիկների ծաղիկով հիվանդանալու 99176 դեպք և 208 մահ։






