Մեծ Բրիտանիայում մեկնարկել է 42 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Transform  սքրինինգային հետազոտումը, որը նպատակ ունի հեղաշրջում անել  շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ, հայտնում է The Guardian-ը։

Սկզբնական փուլում, որը կսկսվի մի քանի ամսից, կներգրավվեն հազարավոր տղամարդիկ։ Այս գործընթացի կազմակերպիչների վկայությամբ, առաջիկա տարիներին, ծրագրի իրականացմանը զուգընթաց, հնարավոր է, հարյուր հազարավոր կամավորներ հավաքագրվեն:

«Transform-ի նպատակը պարզ է,- ասել է բժիշկ Մեթյու Հոբսը, Մեծ Բրիտանիայի շագանակագեղձի քաղցկեղի հետազոտության ինստիտուտի տնօրենը:- Մենք ցանկանում ենք գտնել ամենաարդյունավետ և ամենաքիչ վնասակար մեթոդները Մեծ Բրիտանիայի չափահաս տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար»:

Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր ութերորդ տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղ է զարգանում, և ամեն տարի մահանում է մոտ 12000 մարդ: Սակայն չկա սքրինինգային ծառայություն, որը կարողանա ճշգրիտ որոշել բուժման ենթակա հիվանդության վաղ փուլը: Շատ հաճախ ախտանիշներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն տարածվել և անբուժելի է դարձել: