Մարդիկ տեղեկություններից դասեր են քաղում եւ դրանք օգտագործում նոր խնդիրների լուծման համար։ Սակայն մշտական փոփոխություններն աշխարհում պահանջում են նաեւ ճկունություն մարդկային հիշողությունից. նոր պայմաններին հաջող հարմարվելու համար այն եւս պետք է փոխվի ժամանակին համընթաց։ Պարզվել է, որ ուղեղը կարգավորում է հիշողությունների դինամիկան՝ ստեղծելով դրանց բազմաթիվ «պահուստային պատճեններ», գրել է naked-science-ը։ Շվեյցարացի գիտնականները հաշվել են առնվազն երեք նման «պատճեն» յուրաքանչյուր գիտելիքի կամ հմտության համար։

Սեփական փորձի վրա սովորելու եւ ինֆորմացիան աշխատանքային հիշողությունից երկարաժամկետի փոխանցելու մարդու ունակությունը կապված է նախ եւ առաջ հիպոկամպի՝ գլխուղեղի այն հատվածի հետ, որը մասնակցում է հույզերի, հիշողությունների, տարածությունում կողմնորոշման ձեւավորմանը։ Հիպոկամպը առաջատար դեր է կատարում այնպիսի պրոցեսներում, ինչպիսին են վերացարկումը եւ տրամաբանական եզրակացությունները, որոնք թույլ են տալիս ուղեղին ընտրել առավել հաջող գործողությունները նոր իրավիճակում՝ օգտագործելով այլ պայմաններում ձեռք բերած փորձը։

Շվեյցարիայի Բազելի համալսարանի հետազոտողները ուումնասիրել են մկների ուղեղը եւ հայտնաբերել, որ հիպոկամպի նեյրոնների առնվազն երեք տարբեր խմբեր զուգահեռ «գրանցում» են նույն ինֆորմացիան մի քանի տարբերակներով։ Նյարդային բջիջների այդ տեսակները մարդու մոտ հայտնվում են սաղմի զարգացման տարբեր փուլերում եւ ստեղծում են հիշողությունների՝ իրենց միանման չպահող «պահուստային պատճեններ»։ Գիտական հոդվածը, որտեղ նկարագրված է հայտնաբերված համակարգը, հրապարակել է Science ամսագիրը։

Նեյրոնները, որոնք ձեւավորվում են մարդկային սաղմում առաջինը, պատասխանատու են ինֆորմացիայի երկարատեւ պահման համար։ Դրանք ստեղծում են հիշողության սկզբում թույլ պատճեն, եւ ուղեղը անմիջապես չէ, որ կարողանում է դրա հասանելիություն ստանալ։ Բայց ժամանակի ընթացքում այն ամրապնդվում է, եւ հիշողությունը դառնում է ավելի ամուր։

Ամենաուշ ստեղծվող նյարդային բջիջները, հակառակը, ստեղծում են ինֆորմացիայի ուժեղ պատճեն, բայց այն ժամանակի ընթացքում թուլանում է եւ կարող է ուղեղի համար անհասանելի դառնալ։ Շուտով, ձեւավորվելուց հետո, նման հիշողությունները, ի տարբերություն պահպանված վաղ նեյրոնների, կարող են փոխվել։ Դա նշանակում է, որ երբ մենք հիշում ենք իրավիճակի մասին այն բանից հետո շատ չանցած, երբ այն տեղի է ունեցել, ուշ նեյրոններն ակտիվանում են եւ ստեղծում նոր փորձ։

Նեյրոնները, որոնք ձեւավորվում են թվարկված երկու խմբերի միջեւ միջանկյալ փուլում, գիտնականների կարծիքով, ստեղծում են առավել կայուն պատճեն։

«Այն, որ հիշողությունները դինամիկ կերպով պահպանվում են, ապացուցում է ուղեղի ճկունությունը, որն ընկած է նրա հսկայական տարողության հիմքում»,- բացատրել են հոդվածի հեղինակները։

Հետազոտողները հուսով են, որ ինֆորմացիան այն մասին, թե ինչպես է կոդավորվում փորձը եւ կյանքի ընթացքում վերափոխվում ուղեղում, կօգնի շատ մարդկանց հաղթահարել հիշողության հետ կապված խնդիրները։ Օրինակ, մեղմել հիշողությունները, որոնք դարձել են կպչուն, կամ վերականգնել այն իրադարձությունների մասին հիշողությունը, որոնք, թվում է, կորել են ընդմիշտ։