Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության՝ ESGO-ի երկու փորձագետ «Նաիրի» բժշկական կենտրոնում են:  Փարիզի Գուստավ Ռուսսի հիվանդանոցի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար  Ֆիլիպ Մորիսը և Մադրիդի Լա Պաս համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Իգնասիո Զապարդիելը իրականացնում են մասնագիտական աուդիտ: Նրանք ուսումնասիրում են բուժկենտրոնի հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական ներուժը։ Այցի արդյունքում նրանց տված գնահատականի հիման վրա Նաիրի ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը կարող է ստանալ  ESGO–ի թրեյնինգ կենտրոնի հավաստագիր։

«Մենք դիմել ենք եվրոպական թրեյնինգ կենտրոնի հավաստագրմանը։ Դիմելը հետեւյալն է՝ պետք է ներկայացնես քո կատարած աշխատանքը, դա թղթային է արվում, պացիենտների քանակը, ապրելիությունը, ոնց որ աուդիտ լինի, կոչվում է side visit, այսինքն երկու հայտնի մասնագետ գալիս են, տեսնում են, թե ոնց է էդ ամեն ինչն աշխատում, ու գնահատկան են տալիս։

Այցի արդյունքում մենք պետք է ստանանք եվրոպական թրեյնինգ կենտրոնի հավաստագրում, դա նշանակում է, որ մեզ մոտ կարող են գալ օնկոգինեկելոգներ ամբողջ Եվրոպայից եւ սովորել, վերապատրաստվել, մասնագիտանալ այս ոլորտում», – ասում է «Նաիրի» ԲԿ Օնկոգինեգոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը։

Եվրոպացի մասնագետներն արդեն շրջել են բուժկենտրոնով, ծանոթացել Քիմիաթերապիայի բաժանմունքի աշխատանքներին, գնահատել Ռադիոլոգիական ծառայության ախտորոշիչ հնարավորությունները, զրուցել կենտրոնի տարբեր մասնագետների հետ, որոնք ներգրավված են ուռուցքային հիվանդությունների բուժման գործընթացում։

Վիրահատարանում նրանք հետեւել են Օնկոգինեկոլոգիական ծառայության վիրաբույժների աշխատանքին՝ Արտեմ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ի դեպ, բժիշկ Ստեփանյանին նրանք վաղուց են ճանաչում, նրա հետ համագործակցում են ESGO-ի շրջանակում։

«Այս կենտրոնը հայտնի է նրանով, որ Արտեմ Ստեփանյանը երկար ժամանակ է անցկացնում ESGO-ում եւ վաղուց կապեր ունի դրա հետ։ Նրա անունը շատ հայտնի է, նա մեծ ներդրում է ունեցել ESGO-ում, եւ դրա հավաստումը կարող եք տեսնել այս շենքի պատերին։ +

Սակայն մենք այստեղ ենք, որպեսզի գնահատենք՝ արդյոք բժիշկների վերապատրաստումը համապատասխանում է ESGO-ի ուսումնական պլանի մակարդակին: Դա շատ կարեւոր է պրոֆեսոր Ստեփանյանի համար, որովհետեւ նա շատ ժամանակ է տրամադրում  եւ շատ ժամանակ է հատկացնում ESGO-ին, դրա հետ կապերին», – ասում է Փարիզի Գուստավ Ռուսսի հիվանդանոցի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Ֆիլիպ Մորիսը։

Եվրոպացի մասնագետները հիշեցնում են՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայությունը առաջինն ու առայժմ միակն է Հայաստանում, որն ունի ESGO-ի հավաստագիր։ Այժմ ծառայությունը ձգտում է դառնալ նաեւ ESGO-ի ուսումնական կենտրոն, որը կլինի միակը ամբողջ տարածաշրջանում։ Մասնագետները դեռ չեն բացահայտում, թե ինչ հաշվետվություն կներկայացնեն իրենց գործուղած կառույցին, բայց նշում են, որ այն ինչ տեսել են, փաստում է, որ «Նաիրի» –ն ունի անհրաժեշտ պայմանները այդ հավաստագրին հավակնելու համար։

«Մենք փորձում ենք հավատարմագրել այս կենտրոնը գինեկոլոգիական ուռուցքաբանության ուսուցման համար, եւ այդ նպատակով ենք այցելել այստեղ։ Ուսումնասիրում ենք բժշկական կենտրոնի հարմարությունները, զրուցում ենք գործընկերների հետ՝ փորձելով գնահատել, թե ինչ է արվում այս բժշկական կենտրոնում։

Արդյունքների մասին խոսելու համար դեռ չափազանց վաղ է, քանի որ աշխատանքի կեսն ենք արել։ Բայց ըստ իս՝ այս կենտրոնն ունի բավականին նոր տեխնիկա, կայացած է։ Օրինակ՝ Ռադիոլոգիայի բաժանմունքը, Գինեկոլոգիական բաժանմունքը, նաեւ աշխատանքի ծավալը, որ իրականացնում է կենտրոնը։ Թերեւս կարելի է ասել, որ ամեն ինչ լավ է»,  – ասում է Մադրիդի Լա Պաս համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Իգնասիո Զապարդիելը։

Եվրոպացի մասնագետներն այցելել են նաեւ Ճառագայթային թերապիայի նոր կենտրոն, որը նույնպես քաղցկեղի բուժման գործընթացի կարեւոր օղակ է։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքերով՝ ճշգրիտ ախտորոշման եւ անվնաս ճառագայթման համար։ Կա նորագույն PET Scan, աշխարհահռչակ ընկերությունների ճառագայթային եւ ախտորոշիչ սարքեր։ Կենտրոնում աշխատում են նաեւ դրսից հրավիրված մասնագետներ։