Չինաստանի եւ Եվրոպայի գիտնականները հայտնաբերել են, որ վնասված միջողային սկավառակների ապաքինումը ճողվածք ունեցող պացիենտների մոտ կարելի է զգալիորեն արագացնել մուցին սպիտակուցի սինթետիկ անալոգների ներարկման օգնությամբ։ Այդ ներարկումները պաշտպանում են սկավառակները իմունային բջիջների գրոհներից, գրել է շվեդական Ուփսալայի համալսարանի մամուլի ծառայությունը։
«Մեր ստեղծած մոտեցումը միջողային ճողվածքի հետեւանքով մեջքի ցավից տառապող պացիենտներին նոր հույս է տալիս»,- նշել է համալսարանի գիտաշխատող Յան Խունցզին։ Նա ավելացրել է, որ դա կարող է կանխել հետագա վնասվածքները սկավառակների վնասված հատվածների հեռացումից հետո, ինչն էապես կբարելավի այդ պացիենտների կյանքի որակը։
Գիտնականները հանգել են այս եզրակացության իրենց թերապիան թեստավորելուց հետո, որը ճնշում է պաթոլոգիկ իմունային ռեակցիաները վնասված սկավառակների հեռացումից հետո։ Այդ խախտումները իմունային համակարգի աշխատանքում կարող են առաջանալ, երբ իմունային բջիջները սկսեն սկավառակի դոնդողանման միջուկն ընկալել որպես խորթ մարմին։
Հետազոտողները ենթադրել են, որ խնդիրը կարելի է լուծել, եթե սկավառակի վնասված հատվածները ծածկվեն գելանման նյութով մուցին սպիտակուցի սինթետիկ անալոգների հիման վրա։ Այդ նյութը հաճախ օգտագործվում է ուռուցքային բջիջների եւ պաթոգենների կողմից որպես պատնեշ իմունային համակարգի դեմ, ինչը բժիշկներին մտածել է տվել այն մասին, որ դա կարելի է կիրառել ողնաշարի վնասված հատվածի պաշտպանության համար։






