Կոլորադոյի գիտնականների հետազոտությունը պարզել է, որ 8-12 տարեկան երեխաների քնի խնդիրները երկու տարի անց բարձրացնում են ինքնասպանական մտքերի հավանականությունը, բայց հետազոտողները ծնողներին կոչ են անում խուճապի չմատնվել, գրել է The Denver Post-ը։
Առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 8-12 տարեկան երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվը 2008-2022թթ. ավելացել է տարեկան մոտ 8 տոկոսով։ Կոլորադոյի մանկական հիվանդանոցը արտակարգ դրություն է հայտարարել 2021թ. երիտասարդների հոգեկան առողջության ոլորտում, թեեւ հարցման վերջին տվյալները վկայում են իրավիճակի որոշ բարելավման մասին, համենայն դեպս՝ դեռահասների շրջանում։
Հետազոտությունում օգտագործվել են ավելի մեծ նախագծի տվյալները, որի շրջանակում 8 800 երեխաների ծնողների հարցրել են իրենց երեխաների քնի մասին, երբ նրանք եղել են 9 կամ 10 տարեկան, իսկ երկու տարի անց ստուգել են, թե նրանցից ում մոտ են առաջացել ինքնասպանության մասին մտքեր։ Երեխաների մոտ 91 տոկոսը չի տեղեկացրել այդ մտքերի մասին, իսկ 8 տոկոսն ունեցել է նման մտքեր, 1 տոկոսը ինքնասպանության փորձ է կատարել։
Թեեւ քնի խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը չի տեղեկացրել ինքնասպանության մտքեր ունենալու մասին, հավանականությունը, որ նրանք կդիմեն ինքնասպանության, մեծանում է քնի վատացմանը զուգընթաց։ Քնի «ծանր» խանգարումներ ունեցող երեխաների մոտ ռիսկն ավելի քան երկու անգամ ավելի բարձր է եղել, քան «նվազագույն» խախտումներ ունեցողների մոտ։ Այս կապը էլ ավելի զգալի է եղել այն երեխաների մոտ, որոնք մղձավանջներ են տեսել մշտապես։
Կոլորադոյի համալսարանի Բժշկական դպրոցի ռադիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ջոշ Գովինի խոսքով՝ այդ կապը պահպանվել է անգամ վերահսկողությունից հետո, թե արդյոք երեխաների մոտ եղել են տագնապի կամ դեպրեսիայի ախտանշաններ կամ արդյոք նրանք ապրել են այնպիսի ընտանիքներում, որոնցում բարձր է եղել կոնֆլիկտայնությունը. այս բոլոր գործոնները ռիսկային են ինքնասպանության մասին մտքերի առումով։






