Հայերը, մյուս շատ ազգերի ներկայացուցիչների նման, սիրում են ուտել, հատկապես Նոր Տարուն: Ընդհանրապես շաքարախտով հիվանդը պետք է առողջ մարդու նման սնվի: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ ԵլենաԱղաջանովան:
Ըստ բժշկի, երեխաների մոտ հանդիպող առաջին տիպի շաքարախտի ժամանակ սահմանփակումը առավելապես վերաբերվում է քաղցրին: Էնդոկրինոլոգները միշտ խորհուրդ են տալիս շաքարախտով հիվանդներին օգտագործել առողջ եւ նորմալ սնունդ, առանց ժամանակակից եւ ամենեւին անպիտան, օրգանիզմի համար աղբ հանդիսացող ֆաստֆուդների, չիպսերի, մարմելադների, կոնֆետների եւ այլն: «Բնությունը չի նախատեսել, որ մենք այդ ամենը պետք է ուտենք»,- ասաց նա, ավելացնելով, որ նույնիսկ առողջ մարդուն պետք չէ դրանցով սնվել: «Այդ ամենը իհարկե շատ համեղ է, բայց անօգտակար, եւ օրգանիզմը կարող է ապրել առանց դրա», - ասաց բժիշկը։ Ըստ Աղաջանովայի, շաքարախտով հիվանդ մարդը պետք է միս, կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր եւ նման բաներ ուտի:
«Հաճախ մարդիկ ասում են «Ինչպե՞ս ես կարող եմ ապրել առանց քաղցրի: Եթե ես շոկոլադ չուտեմ, ապա ուղեղս կդադարի աշխատել»: Մինչդեռ օրգանիզմի համար անհրաժեշտ գլյուկոզան պարունակվում է բանջարեղենում, եւ հացահատիկներում:
Շաքարախտով տառապող մեծահասակները սահմանափակում են սպիտակ ալյուրի եւ ճարպոտ սննդի օգտագործումը: Առավել եւս, որ նրանցից շատերն ունեն նաեւ ավելորդ քաշի, ինչպես նաեւ խոլեստերինի բարձր մակարդակի խնդիր, ինչը անբարենպաստ է անոթների պատերի համար եւ անոթների խցանման պատճառ կարող է դառնալ, իսկ հետագայում՝ ինսուլտի եւ ինֆարկտի: Այս պրոցեսը կոչվում է աթերոսկլերոզ: Ուղղակի շաքարախտի եւ ճարպակալման ժամանակ այն ավելի արագ է զարգանում, քան առանց շաքարախտի», - նշեց նա:
Ըստ բժշկի, Նոր Տարուն դժվար է, բայց պիտի ինքդ քեզ վերահսկես: «Շաքարախտով հիվանդ մարդը չպետք է շատակերությամբ զբաղվի, եւ խախտի իր օրվա ռեժիմը: Ցանկացած մարդ պետք է օրվա ընթացքում սնվի մի քանի անգամ, բայց քիչ քանակություններով: Չպետք է մոռանալ դեղերի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում բարձրացնել որոշ դեղամիջոցների դեղաչափերը: Ալկոհոլի չարաշահումը նույնպես կարող է վնասել: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Շաքարախտով հիվանդին 1-2 բաժակ գինուց եւ մի փոքր բաժակ օղուց ավելի խմել չի կարելի: Մի կողմից ալկոհոլը սկզբում նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն ավելի ուշ, այն կտրուկ բարձրանում է, ինչն էլ չափազանց անցանկալի է: Ալկոհոլը պետք չէ խմել սոված փորի, ինչպես նաեւ պետք է խուսափել երկարատեւ խնջույքներց», - պարզաբանեց բժիշկը:






