59-ամյա կինը, որն ամբողջ կյանքում բախվել է դաժան քմծիծաղների հարյուրավոր ուռուցքների պատճառով, որոնք ծածկում էին նրա դեմքը, շուտով կվիրահատվի, ինչը կփոխի նրա արտաքինը, գրել է Daily Mail-ը։
Պրետորիայի բնակչուհի Անեթջի դե Վիտը երկար ժամանակ վախենում էր փողոց դուրս գալ՝ անհանգստանալով, թե ինչ կասեն մարդիկ իր դեմքի մասին, որը ծածկված է ուռուցքներով մաշկի հազվադեպ գենետիկ հիվանդության պատճառով։ Կինը տառապում է նեյրոֆիբրոմատոզով, որը ախտահարում է 3 000 մարդուց մեկին եւ հանգեցնում է ոչ չարորակ ուռուցքների աճի մաշկային նյարդերի երկայնքով։
Նա որոշել է ազատվել աշխատանքից այն բանից հետո, երբ գործընկերը ծաղրել է նրան, ինչը հանգեցրել է ինքնատիրապետումը կորցնելուն։ Բայց հիմա Անեթջիի մղձավանջը գրեթե ավարտվել է։ Թեեւ չկան դեղեր եւ բուժման մեթոդներ, որոնք կարող էին լիովին բուժել նրա քրոնիկական հիվանդությունը, էսթետիկ միջամտությունները կարող են բարելավել նրա մաշկի արտաքին տեսքը։ Նա ընտրվել է որպես հեռուստաշոուի մասնակցի թեկնածու, որն օգնում է այնպիսի պացիենտներին, ինչպիսին նա է՝ առաջարկելով վերափոխիչ բուժմիջամտություն։ Ներկայում նա ինտենսիվ լազերային թերապիա է անցնում մասնավոր կոսմետոլոգ, դոկտոր Ռիկի Սմիթի մոտ։
«Անեթջիի բուժումը ներառում է լազերային աբլյացիա, որն ուղեկցվելու է ռադիոհաճախական ասեղների ազդեցությամբ։ Մենք փորձում ենք նվազեցնել ուռուցքների թիվը, իսկ նրանք, որոնք բուժման չեն ենթարկվի, կհեռացվեն վիրաբուժական միջամտությամբ»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ նոյեմբերին ուռուցքների մոտ 80 տոկոսը կամ կվերացվի, կամ զգալիորեն կնվազի չափերով։








