Հինգ մարդ մահացել է Ասուան նահանգում, որը գտնվում է երկրի հարավում, աղեստամոքսային տրակտի հիվանդություններից, որոնք տարբերվում են սովորական վարակներից։ Այս մասին հայտնել է նահանգապետ Իսմայիլ Քամալը։

«Ներկա պահին խոսքը վերաբերում է հինգ մահացու դեպքերի»,- տեղեկացրել է Ասուանի նահանգապետը՝ Sada el-Balad հեռուստաալիքին մեկնաբանելով հիվանդության բռնկման մասին տեղեկությունները։ Քամալն ավելացրել է, որ «մահացության ընդհանուր ցուցանիշները վերջին շրջանում նահանգում չեն ավելացել եւ մնում են նախկին մակարդակին»։

Նա նաեւ նշել է, որ «վարակիչ հիվանդների վիճակը, որոնք գտնվում են Ասուանի բուժհաստատություններում, անհանգստություն չի առաջացնում»։ Քամալը հերքել է այն ենթադրությունները, թե հիվանդության բռնկումն իբր կապված է Նեղոս կոյուղաջրերի թափման հետ տեղի ձեռնարկություններից մեկի կողմից։

Որոշ ժամանակ առաջ Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը նախազգուշացրել էր ռուսաստանցիներին այն մասին, որ ցանկալի չէ այցելել Ասուան նահանգ գաստրոէնտերիտի բռնկման հետ կապված։ Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում նշվել էր, որ «Եգիպտոսի իշխանությունների տեղեկության հետ կապված՝ գաստրոէնտերիտի բռնկման մասին, դեսպանությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք գտնվում են Եգիպտոսում, ժամանակավորապես խուսափել այդ շրջան այցելություններից»։ Բացի այդ, գերատեսչությունը խորհուրդ էր տվել քաղաքացիներին հետեւել հիգիենայի կանոններին, այդ թվում «չխմել ջուր չստուգված աղբյուրներից եւ ուտել միայն ջերմային մշակման ենթարկված միս եւ ձուկ, մանրակրկիտ լվանալ բանջարեղեններն ու մրգերը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր երկրի առողջապահության նախարարությունը, Ասուան նահանգում վերջին մի քանի օրերի ընթացքում գրանցվել են «սուր գաստրոէնտերիտի աշխտանշաններով դեպքեր», սակայն, գերատեսչության տվյալներով, «բոլոր դեպքերը ախտորոշվել են շրջանի երկու քաղաքներում, այլ ոչ թե ամբողջ նահանգում»։ Նշվել է, որ հիվանդության ախտանշանների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դիմել հիվանդանոց՝ «վարակը հաստատելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար»։

Տեղի մասնագետները խորհուրդ են տալիս  հետեւել կանխարգելիչ միջոցներին աղեստամոքսային վարակների, մասնավորապես՝ գաստրոէնտերիտի կանխման համար. լվանալ ձեռքերը, համատեղ չօգտվել խոհանոցային սպասքից, օրինակ՝ բաժակներից կամ ափսեներից։ Բացի այդ, արժե օգտագործել շշալցված ջուր նաեւ ատամները լվանալու համար, չուտել  հում մթերքներ, ներառյալ մաքրված բանջարեղեններն ու մրգերը, եւ չօգտագործել սառցե խորանարդիկներ, քանի որ դրանք կարող են պատրաստված լինել աղտոտված ջրից։