Էբոլայով հիվանդ ամերիկացի բուժքույրին բժիշկներն են թույլատրել օդանավ նստել: Այս մասին հայտնի է դարձել Դալասի հիվանդանոցի բուժանձնակազմի վարակվելու հարցով ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ:

Բուժքույր Էմբեր Վինսոնը թռիչքից առաջ դիմել է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոն (CDC): Բուժաշխատողները նրան թույլ են տվել օդանավ նստել, թեեւ ջերմությունը նորմայից բարձր է եղել, հայտնել է CDC-ի տնօրեն Թոմաս Ֆրիդենը:

Վարակվելուց հետո Օհայո այցի ժամանակ 29-ամյա բուժքրոջ հետ շփում ունեցած յոթ մարդ պրոֆիլակտիկայի համար ուղարկվել են կամավոր կարանտինի եւ բժիշկների հսկողության տակ են: Ըստ բժիշկների՝ առայժմ նրանցից ոչ ոքի մոտ էբոլայի ախտանիշներ չկան:

Թեքսասի հիվանդանոցի ներկայացուցիչը, որտեղ բուժման համար տեղափոխել էին Լիբերիայի քաղաքացուն, խոստովանել է, որ ախտորոշումը կազմելիս եւ տեղեկություն տարածելիս սխալներ են տեղ գտել: Texas Helath Resources-ի փոխնախագահ Դենիել Վարգան ի խորոց սրտի ներողություն է խնդրել կատարվածի համար:

Նա Կոնգրեսին տեղեկացրել է, որ հիվանդանոցի աշխատակիցները համապատասխան ուսուցում չէին անցել, երբ նրանց մոտ էբոլայով հիվանդ է տեղափոխվել:

Դալասի հիվանդանոցներից մեկի երկու բուժքույրեր՝ Նինա Ֆեմը եւ Էմբեր Վինսոնը, էբոլայով վարակվել են լիբերիացի Թոմաս Դունկանից, որն այնտեղ բուժում էր ստանում, իսկ այնուհետեւ մահացել էր:

Նրանք երկուսն էլ արյան նմուշները վերցնելիս եւ հիվանդասենյակը մաքրելիս պաշտպանիչ հատուկ հանդերձանքով էին եղել, եւ առայժմ անհայտ է՝ ինչպես են վարակվել: Ներկայումս Վինսոնին բուժման համար տեղափոխել են Ատլանտայի հատուկ մասնագիտացված համալսարանական հիվանդանոց: