Տոկիոյի Կեյո համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի հետազոտողները հայտնաբերել են 18 մանրէներից բաղկացած խումբ, որոնք կարող են աղիների հիվանդությունների բուժման ավելի արդյունավետ լուծում առաջարկել, գրել է News Medical-ը։

Հիմնական շտամները առանձնացվել են առողջ մարդկանց կղանքից եւ, պարզվել է, դրանք ճնշում են վնասակար գրամբացասական մանրէների աճը, ինչպիսին են Enterobacteriaceae-ները, որոնք հաճախ կայուն են հակաբիոտիկների հանդեպ։ Դրա առաջացրած վարակները լայնորեն տարածված են հիվանդանոցներում եւ լուրջ խնդիր են բուժման համար ռեզիստենտության եւ արդյունավետ հակաբիոտիկնեի բացակայության պատճառով։ Կղանքի միկրոբիոմի պատվաստումը (ԿՄՊ) ուսումնասիրվել է որպես աղիների առողջ մանրէների վերականգնման միջոց այն պացիենտների մոտ, որոնք տառապում են այդ կայուն վարակներով։ Սակայն նման միջամտությունների արդյունքները հետեւողական չէին, հիմնականում միկրոօրգանիզմների կազմի տարբերությունների պատճառով։

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, ուղղված է առողջ միկրոբիոմից սպեցիֆիկ շտամների հայտնաբերմանը, որոնք ոչ միայն մրցակցում են Enterobacteriaceae-ի հետ, այլեւ նվազեցնում են աղիների ընդհանուր բորբոքումը։  Մկների վրա կատարված փորձերում հայտնաբերվել է, որ մանրէների այդ շտամները ճնշում են վնասակար օրգանիզմների աճը՝ մրցակցելով դրանց հետ ածխաջրերի փոխարեն՝ դրանով իսկ խանգարելով դրանց «բնակեցմանը» աղիներում։ Մարի-Մադլեն Պուստը (Բրոդի ինստիտուտի հետազոտող եւ հետազոտության համահեղինակ) ընդգծել է, որ այդ միկրոբների գործառնական մեխանիզմենը հասկանալը մեծ առաջընթաց է մարդու միկրոբիոմի ուսումնասիրման գործում։ «Մենք սկսում ենք հասկանալ թե ինչպես պարզենք դրա նպաստավոր առանձնահատկությունները աղիների առողջության համար»,- ասել է նա եւ ավելացրել, որ այս հետազոտությունը կարեւոր քայլ է մեր ընդհանուր առոջղության բարելավման ուղղությամբ։

Հետազոտական խումբը Ռամնիկ Քսավիերի գլխավորությամբ (Բրոդի ինստիտուտ եւ Կեյոյի համալսարան) հայտնաբերել է, որ Klebsiella-ով վարակված մկների մոտ, որոնց բուժել են 18 օգտակար շտամներով, նկատվել են գեների փոփոխություններ՝ կապված ածխաջրային փոխանակության հետ։ Թիմը նաեւ հայտնաբերել է, որ վնասակար մանրէները, ինչպիսին է Enterobacteriaceae-ն, իրենց կենսագործունեության համար հենվում են աղիների կարեւոր ածխաջրի՝ գլյուկոնատի վրա, իսկ 18 շտամները կարողացել են սահմանափակել դրանց հասանելիությունն այդ սննդարար նյութին։

Այս բացահայտումը հաստատվել է խոցային կոլիտ ունեցող պացիենտների նմուշների ուսումնասիրմամբ։ Այդ արդյունքները հատկապես բազմախոստում են, քանի որ մանրէների շտամները ճնշում են վնասակար մանրէներին՝ բացասական ազդեցություն չգործելով օգտակար այլ միկրոբների վրա։

Հետազոտությունը վերաբերում է միկրոբային տրանսպլանտացիայի ապագային, որը լինելու է ավելի նպատակասլաց եւ արդյունավետ, իսկ նրա հեղինակները նախատեսում են շարունակել անհայտ միկրոբային մետաբոլիտների ուսումնասիրությունը, որոնք նպաստում են ինչպես աղիների առողջությանը, այնպես էլ աղիների հիվանդության բուժմանը։ Այս աշխատանքը նոր հնարավորություններ է բացում հակաբիոտիկառեզիստենտ վարակների ավելի վերահսկելի եւ արդյունավետ բուժման համար՝ հույս ներշնչելով բժշկական օգնության իմաստով բուժման համար սահմանափակ հնարավորություններ ունեցող պացիենտներին։