Միացյալ Նահագների Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ սեփական B բջիջների օգտագործումն գլիոբլաստոմայից (գլիոբլաստոմա մուլտիֆորմե) տառապող հիվանդների իմունային համակարգին օգնում է ավելի արդյունավետ պայքարել ուռուցքի դեմ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation (JCI) գիտաբժշկական հանդեսում:
Գլիոբլաստոման ուղեղի նյարդային հյուսվածքի գլիալ բջիջներից զարգացող ուռուցք է։ Դա չափազանց ագրեսիվ ուռուցք է, որը դասակարգվում է որպես 4 աստիճանի չարորակ ուռուցք: Գիտնականները հաշվարկել են, որ այս հիվանդությունից տառապող հիվանդների ընդամենը 6,9%-ն է ապրում 5 տարուց ավելի:
Թեպետ գլիոբլաստոման դժվար է բուժել, ուռուցքները թիրախավորելու առումով նախորդ հետազոտությունները ցույց են տվել նոր տեսակի իմունային համակարգի B բջիջները կիրառող թերապիայի հեռանկարայնությունը:
Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները որոշել են այս ոլորտում շարունակել հետազոտությունները: Նրանք կենտրոնացել են CD8-T-ի՝ պաշտպանիչ իմունային B բջիջների մասնագիտացված տեսակի վրա, որը հարմարեցված է հատուկ պաթոգենների դեմ պայքարելու համար:
Հետազոտողները փորձարկել են CD8 T-ի վրա հիմնված B-բջիջների պատվաստանյութերի (BVax), ինչպես նաև լաբորատոր մկների շրջանում գլիոբլաստոմայի դեմ արտադրվող հակամարմինների արդյունավետությունը: Արդյունքում գլիոբլաստոմայի աճն արգելակվել է: Գիտնականների համոզմամբ՝ B-բջիջներով նոր թերապիան ոչ միայն ակտիվացնում է ուռուցք սպանող CD8 T բջիջները, այլ նաև օգնում է նրանց ներթափանցել ուռուցք և դրա ներսում շարունակել թերապևտիկ հակամարմիններ արտադրել:
Հետազոտական թիմը ներկայում աշխատում է կլինիկական փորձարկում սկսելու ուղղությամբ, որի ընթացքում նոր պատվաստանյութի արդյունավետությունը կգնահատվի կամավորների վրա: Հետազոտողները նշել են, որ ապագայում B-բջիջների պատվաստանյութերը քաղցկեղի այլ տեսակների դեպքում կարող են միանգամայն օգտակար լինել:






