Գաբոնի գիտնականները հայտնաբերել են առնվազն չորս նոր բուժիչ բույսեր, որոնք մինչ այդ անհայտ էին իրենց բուժիչ հատկությունների իմաստով, տեղեկացրել է BBC-ն։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ բույսերի բաղադրությունում կա հակաօքսիդանտների զգալի քանակություն, ինչպես նաեւ նյութեր, որոնք կարող են պայքարել միկրոբների դեմ։
Ուսումնասիրված նյութերից մեկն արդյունավետ է այսպես կոչված սուպերբակտերիաների, որոնք կայուն են հակաբիոտիկների հանդեպ, դեմ պայքարում։
Հայտնի է, որ մարդանման կապիկները հաճախ են զբաղվում ինքնաբուժմամբ՝ ուտելով բուժական հատկություններ ունեցող բույսեր։
Միայն վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները գրեցին վիրավոր օրանգուտանգի մասին, որն իր վերքերն ավելի արագ բուժելու համար օգտագործել էր բուժիչ բուսական մածուկ։
Գիտնականներն իրենց ուսումնասիրության ընթացքում սկզբում հետեւել էին, թե ինչ բույսեր են օգտագործում հարթավայրային գորիլաները, որոնք ապրում են Գաբոնի Մուկալաբա Դուդու ազգային այգում։
Հետո նրանք ընտրել էին չորս «հեռանկարային» բույս իրենց ուսումնասիրության համար՝ բամբակենին (Ceiba pentandra), կրոտոնի ենթատեսակներից մեկը (Myrianthus arboreus), աֆրիկյան տիկը (Milicia excelsa) եւ թզի ծառը (Ficus)։
Այդ ծառերի կեղեւում հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք բուժական հատկություններ ունեն՝ ֆենոլներից մինչեւ ֆլավոնոիդներ։
Բոլոր չորս տեսակներն ունեցել են հակաբակտերիալ ակտիվություն սուպերբակտերիաների տեսակներից մեկի՝ աղիքային ցուպիկի շտամի դեմ պայքարում։
Հետազոտությունում նշվել է, որ բամբակենին «հիանալի է եղել» թեստավորված բոլոր շտամների դեմ պայքարում։
«Դա վկայում է այն մասին, որ գորիլաները սովորել են ուտել բույսեր, որոնք իրենց համար օգտակար են»,- ասել է Դարեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանի պրոֆեսոր Ջոաննա Սեթչելը։
Գաբոնի տարածքում աճում են բնավ չուսումնասիրված մերձարեւադարձային անտառներ, որտեղ ապրում են վայրի փղեր, գորիլաներ, շիմպանզեներ եւ այլ կենդանիներ, ինչպես նաեւ աճում են բազմաթիվ անհայտ բուսատեսակներ։
Որսագողերի պատճառով արեւմտյան հարթավայրային գորիլաների տեսակը վայրի բնությունում խիստ կրճատվել է։
Այդ տեսակը մտել է Կարմիր գիրք որպես անհետացման եզրին գտնվող տեսակ։






