Քաղցկեղի դանիական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ օդի աղտոտվածությունը եւ ճանապարհային աղմուկը ուղիղ կապված են անպտղության վտանգի մեծացման հետ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed պորտալում։
Գիտնականներն ուսումնասիրել են վերարտադրողական տարիքի մարդկանց մասին տվյալները, որոնք կարող են ծնող դառնալ առաջին կամ հերթական անգամ։ Հետազոտությանը մասնակցելու համար նրանցից ընտրել են 30-45 տարեկան 900 հազար դանիացիների, որոնք ապրել են զուգընկերների կամ ամուսինների հետ։ Որոշ մասնակիցների բացառումից հետո այն պատճառներով, որոնք կապված են եղել առողջական վիճակի եւ կենսակերպի հետ, վերջնական ցուցակում տեղ են գտել 377,8 հազար կանայք եւ 526 հազար տղամարդիկ։
Հինգ տարվա ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են, թե մասնակիցներն ինչ աստիճանով են ենթարկվել մեքենաների աղմուկի (որը չափվել է դեցիբելներով) եւ PM2.5 պինդ մասնիկներով օդի աղտոտվածության ազդեցությանը։
Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ անպտղության հավանականությունն ավելանում է 24 տոկոսով օդում այդ պինդ մասնիկների խտության ավելացմանը զուգընթաց։ 35 տարեկանից մեծ կանայք եւս ենթարկվել են այդ ռիսկին. աղմուկի մակարդակը, որը 10 դեցիբելով գերազանցել է նորմը, ավելացրել է վերարտադրողական խնդիրների առաջացման հավանականությունը մոտ 14 տոկոսով։
Հեղինակները բացատրել են, որ տղամարդկանց վերարտադրողական համակարգն ավելի խոցելի է արտաքին միջավայրի փոփոխությունների հանդեպ, քանի որ սերմնաբջիջները մշտապես թարմացվում են։ Կանանց ձվաբջիջները, հակառակը, գոյանում են մինչեւ ծնվելը եւ ունեն լավագույն պաշտպանություն բացասական գործոններից, թեեւ տարիքի հետ այդ պաշտպանությունը կարող է թուլանալ։
Գիտնականները նաեւ նշել են, որ, չնայած ստացված տվյալների նշանակալիությանը, հետազոտությունը կարող է սահմանափակումներ ունենալ։ Գիտական աշխատանքում հաշվի չեն առնվել կենսաբանական բնութագրիչները, ինչպիսին են հորմոնալ փոփոխությունները կամ մարմնի զանգվածի ինդեքսը, ինչպես նաեւ փողոցում մարդկանց անցկացրած ժամանակի քանակությունը, որտեղ աղտոտող նյութերի ազդեցությունը նույնպես կարող է բացասաբար ազդել առողջության վրա։






