Յելի համալսարանի գիտնականները հաստատել են, որ ուղեղի ֆունկցիայի իջեցումը ծերացման բնականոն հետեւանք է, եւ, որ դրա մեղավորները գեներն են:

Յելի համալսարանի գիտնականները, Տեքսասի բիոբժշկական հետազոտական կենտրոնի գործընկերների հետ համատեղ, հիմնվելով 18 – 83  տարեկան 1129 մարդու տվյալների վրա, ուսումնասիրել են ուսուցման եւ այլ ճանաչողական  ֆունկցիաների հետ կապված ուղեղի այսպես կոչված «սպիտակ նյութի» հիմնական հնարավորությունները,  հաղորդում է Max News-ը:

Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ գենետիկական տեղեկություններն այնպես են բաշխվում բիոլոգիական հարազատների միջեւ, որ հնարավոր է կանխատեսել ծերացման հետ տեղի ունեցող ուղեղի ֆունկցիայի փոփոխությունները:

«Ուղեղի ծերացման հետ կապված գեների որոշումը կարող է լավացնել ուղեղի ֆունկցիայի նորմալ տարիքային իջեցումը պայմանավորող բիոլոգիական պրոցեսների մասին մեր պատկերացումները», - ասել է տեքսասցի գենետիկ Ջոն Բլանգերոն, ով օգնում էր իրականացնել հետազոտությունը:

Յելի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր, առաջատար հետազոտող Դեվիդ Գլենը նշեց, որ հատկապես կարեւոր են արդյունքները, քանի որ հետազոտության մեջ ներգրավված են եղել Սան Անտոնիոյի ամերիկացի եւ մեքսիկացի ընտանիքներ, ինչը թույլ է տալիս հետազոտողներին որոշել, թե ինչպե՞ս է կապված ուղեղի ծերացումը գենետիկայի հետ:

Հետազոտողները կարողացան ցույց տալ, որ գեների մի խումբը պատասխանատու է տարիքի հետ կապված նեյրո-ճանաչողական պրոցեսների, իսկ երկրորդ խումբը՝սպիտակ նյութի բջիջների վիճակի վատացման համար: