Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակ չկա, իրավիճակը այդ իմաստով համեմատաբար հանգիստ է։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ, գրիպի, սուր շնչառական հիվանդությունների համակարգող Լիանա Թորոսյանը։

Ըստ Լիանա Թորոսյանի,  նախորդ շաբաթվա տվյալներով հանրապետությունում գրանցվել է 2400  սուր շնչառական վարակների դեպք, իսկ 2012-ին այդ նույն ցուցանիշը կազմել է մոտ 2800։ Այսինքն, ըստ համաճարակաբանի, իրավիճակը բնականոն է։ «Շնչառական վարակ, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող, եւ նպաստավոր ցուրտ պայմաններ, չօդափոխվող տարածքներ, սերտ շփում եւ այլն, եւ ցավոք սրտի, չունենք այն մշակույթը, որ հիվանդ ենք, մնանք տանը», - ասաց նա։

Մանկական վարակներից այժմ հանրապետությունում գրանցվել են ջրծաղիկ եւ քութեշ, բայց այս հիվանդությունները շուտով կնվազեն, քանի որ դպրոցներն ու մակապերատեզներն արդեն փակվել են։

Ըստ Լ. Թորոսյանի, մոնիտորինգի ընթացքում գրիպի հարուցիչներ լաբորատոր հետազոտության ժամանակ չեն հայտնաբերվել, չեն հայտնաբերվել հարուցիչներ նաեւ տարածաշրջանային այլ երկրներում ու Ռուսաստանում։ Եվրոպայում գրիպի մի քանի դեպք է գրանցվել, պայմանավորված A հարուցիչներով, դրանք ունեցել են թեթեւ ընթացք։

Իրավիճակն այլ է Հարավ-ասիական երկրներում, եւ ԱՀԿ-ն դրա մասին է բարձրաձայնում։ Չինաստանում եւ հարակից երկրներում գրանցվել է թռչնի գրիպի երկու հարուցիչ՝ H7N9 եւ H10N8։ «Այդ հարուցիչները, հանդիսանալով թռչնային պոպուլյացիայի հարուցիչներ, հաղթահարե են այդ միջտեսակային արգելքը եւ արդեն սկսում են արձանագրվել բնակչության շրջանում։ Առողջության համաշխարհային կազմակերպության մտավախությունն այն է, որ այս հարուցիչները կարող են առաջացնել պանդեմիա, ինչպես 2009 թվականին պանդեմիա առաջացրեց խոզի գրիպը՝ H1N1-ը», - ասաց նա։

Լ. Թորոսյանը նաեւ նշեց, որ հանրապետություն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, բնակչության իրազեկման աշխատանքներ։