Արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին կարող է վկայել գորշ «օղակի» առաջացումը աչքի եղջերաթաղանթի ծայրին եւ փոքր դեղին հանգույցների առաջացումը մաշկի տակ ծնկներում, ձեռնաթաթերում եւ ոտնաթաթերում։ Այս մասին Daily Mail-ին պատմել է բրիտանացի թերապեւտ Մարտին Սքերը։ Բժիշկը նշել է, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար։ Այն կարող է աստիճանաբար նստվածք տալ զարկերակների ներքին պատերին՝ գոյացնելով այսպես կոչված խոլեստերինային բշտեր, ինչի հետեւանքով անոթները նեղանում են, պակասում է դրանց ճկունությունը։ Այդ պրոցեսը կոչվում է աթերոսկլերոզ։ Այն ահեղ հետեւանքներ է թողնում, որոնցից են սրտի իշեմիկ հիվանդությունը, միոկարդի ինֆարկտը եւ ինսուլտը։
Բժշկի խոսքով՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի գնահատման ամենապարզ միջոցը արյան անալիզի հանձնումն է։ Սակայն կան նաեւ արտաքին նշաններ, որոնք կարող են վկայել նման պաթոլոգիայի մասին։ Առաջինը խոլեստերինի կուտակումն է մաշկում, որոնք հայտնի են որպես կսանտելազմներ կամ կսանտոմներ։ Դրանք դեղնամոմագույն խոլեստերինային բշտեր են՝ 10-12 միլիմետր չափերի, որոնք կարող են հայտնվել ծնկներին, ձեռնաթաթերին եւ ոտնաթաթերին։
Մյուս նշանը այսպես կոչված «ծերունական աղեղն» է, գորշ «օղակ», որը հայտնվում է աչքի եղջերաթաղանթի ծայրին։ Սքերի խոսքով՝ գիտնականները չգիտեն, թե ինչու է այն հայտնվում։ Այդ աղեղը երբեմն անվանում են լիպոիդային, որովհետեւ այն կարող է առաջանալ արյան մեջ այլ լիպիդների (ճարպերի) մակարդակի բարձրացման դեպքում։






