Շվեդիայի Կարոլինայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բնական հակամարմինների ցածր մակարդակը ֆոսֆորիլխոլինի հանդեպ կապված է մոտ 68 տարեկան կանանց սիրտ-անոթային հիվանդությունների բարձր վտանգի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology-ում (JАСС)։

Հետազոտությանը մասնակցել է 932 կին, որոնց միջին տարիքը դրա ավարտի պահին եղել է 66 տարեկանը։ Գիտնականները տեղեկություն են հավաքել մասնակիցների առողջության եւ կենսակերպի մասին, ինչպես նաեւ վերցրել են արյան նմուշներ լաբորատոր ուսումնասիրության համար։ Դիտարկումներից 16 տարի անց 113 կանանց մոտ առաջացել են սիրտ-անոթային հիվանդություններ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ ամենից հաճախ նման պաթոլոգիաներ առաջացել են ֆոսֆորիլխոլինի հանդեպ հակամարմինների ցածր մակարդակ ուենցող կանանց մոտ։ Դա նյութ է, որի կազմի մեջ մտնում են գլիցերինի եւ ճարպաթթուների կառուցվածքային մնացորդները, ինչպես նաեւ ֆոսֆորաթթուն եւ խոլինը։

Գիտնականները պարզել են, որ հակամարմինների մեծ քանակությունն այդ նյութի հանդեպ հարաբերակցվել է սրտի իշեմիկ հիվանդության եւ սրտի նոպայի վտանգի 25 տոկոսով նվազման հետ։ Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները չեն կարողացել պարզել, թե որ մակարդակն է համարվում բավարար սիրտ-անոթային առողջության պահպանման համար։ Հետազոտողների խոսքով՝ դրա պարզումը կօգնի մշակել նոր ուսումնասիրություններ սրտի եւ անոթների հիվանդությունների վտանգի գնահատման համար։