Քաղցկեղի բուժման ժամանակակից հնարավորությունների կիրառումը, աշխարհի առաջատար կենտրոնների լավագույն մասնագետների հետ փորձի փոխանակումը չափազանց կարևոր է: Այդ նպատակով ամեն տարի Հայաստանում կազմակերպվում է ուռուցքաբանական միջազգային գիտաժողով: Ավանդույթ դարձած այս միջոցառումն այս տարի կրում է «Կրծքագեղձի հայկական համաժողով» խորագիրը: Գիտապրակտիկ այս գիտաժողովի գլխավոր նպատակը նորագույն մեթոդների քննարկումն է, բարդ դեպքերի վերլուծությունը, քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի որակի բարելավման համար անհրաժեշտ քայլերը, նաև Հայաստանում համաշխարհային չափորոշիչների ներդրումը:

Գիտաժողովին մասնակցելու համար մեր երկրում են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից: Ռուսաստանից ժամանած մասնագետը ներկայացնում է նորագույն դեղամիջոցներն ու դրանցով բուժման բարձր արդյունավետությունը։  Տատյանա Սեմիգլազովայի խոսքով՝ նոր դեղորայքի շնորհիվ հիվանդներն ապրում են։ Իսկ այդ ընթացքում հայտնաբերվում են նոր, առավել արդյունավետ դեղեր։ «Հայտնվել են նոր հեղափոխական, ես կասեի՝ նորարարական դեղամիջոցներ, որոնք ոչ միայն փոխում են ուռուցքի կենսաբանությունը, այլև հնարավոր են դարձնում հիվանդության վերահսկումը մոտ 100% դեպքերում։ Իմունակոնյուգատները նորարարական դեղամիջոցներ են, մեկ դեղում համակցված են և՛ քիմիաթերապիայի տոքսիկ, և՛ թիրախային բաղադրիչները։ Դեղամիջոցն ունի հենց ուռուցքի մեջ ներթափանցելու և մոտակա հյուսավածքներ տարածվելու ունիկալ հատկություն։ Դրա շնորհիվ բուժման արդյունքը բավական բարձր է լինում», – պատմում է նա։

«Ընդհանրապես դեղորայքային թերապիան շատ հետաքրքիր բուժում է ուռուցքաբանության մեջ և նա ամեն տարի ունի նորագույն դեղամիջոցներ, որոնք առավել թիրախային, առավել իմունաթերապևտիկ, այսինքն, սեփական իմունիտետի ներուժն օգտագործելով կարելի է բուժումն առավել նպատակահարմար և լավագույնը դարձնել»։, – ասում է ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը։ Իրանից ժամանած Պարիս Ազիմինե–ժադանը կրծքագեղձի վիրահատության մեծ փորձ ունի։ Նա նշում է, որ բուժման ժամանակակից մեթոդները հիմնականում մշակվում են արևմտյան երկրներում, սակայն, կարծում է, որ էթնիկ առանձնահատկությունները ևս այս հիվանդության զարգացման ու բուժման գործում մեծ դեր ունեն։ Ուստի կարևոր է համարում տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը։ «Մենք պետք է աշխատենք մեր տարածաշրջանում, որպեսզի ունենանք կրծքագեղձի քաղցկեղի գեների, մարդկանց գենոմների մասին մեր տվյալները, քանի որ շատ ընդհանուր բաներ ունենք՝ սնունդը, մշակույթը, կլիման։ Այս հիվանդության բուժման գործում կարևոր են գենետիկական մուտացիաները: Մուտացիաները, որոնք տարածված են Հյուսիսային Ամերիկայում կամ Հյուսիսային Եվրոպայում, նույնը չեն՝ ինչ մեր տարածաշրջանում: Պետք է ուսումնասիրենք մեր գենոմը, որոշակի փոփոխություն կատարենք մեր հիվանդների բուժման մեթոդներում, քանի որ յուրաքանչյուր հիվանդի դեպքում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի», – ասում է իրանցի բժիշկը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կանանց ուռուցքային հիվանդությունների մեջ կրծքագեղձի քաղցկեղն իր տարածվածությամբ առաջին տեղում է: «Ունենք 1000-ից 1300 դեպք ամեն տարի։ Ի ուրախություն մեզ պիտի ասեմ, որ եթե մենք 5 տարի առաջ ունեինք ԿՔ-ի չորրորդ փուլի հայտնաբերումը 30-35 տոկոս դեպքերում, ապա վերջին մեր տարիների կատարած աշխատանքի շնորհիվ այն իջել է մինչև 11-12 տոկոս», – ասում է Հայկուհի Գյոքչյանը։ Այս ցուցանիշին հնարավոր է եղել հասնել պետական ծրագրերի շնորհիվ՝ անվճար վիրահատություն, դեղորայքի հասանելիություն, ռադիոթերապիա, պալիատիվ խնամք, սկրինինգային ծրագիր։  Քաղցկեղի բուժման գործում կարևոր է վաղ հայտնաբերումը, դրա շնորհիվ կյանքեր են փրկվում։ Ոչ միայն բուժման ընթացքն է ավելի թեթև լինում, այլև հիվանդը լիարժեք բուժվում է։ Վաղ հայտնաբերման համար կարևոր է սկրինինգը։ Առողջապահության նախարարությունը վերջին 3 տարում մարզերում իրականացնում է կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիր։ Մասնագետը խորհուրդ է տալիս 40-45 տարեկանից բարձր կանանց երկու տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն։ « Եթե կրծքագեղձի քաղկցեղի մասին խոսենք, ապա առաջին և երկրորդ փուլերում նրա բուժման հավանականությունն 90 տոկոսից բարձր է», – ասում է բժիշկը։ Վերջին տարիներին մեր երկրում նաև ախտորոշման սարքավորումների առումով են զգալի քայլեր կատարվել։ Հայաստանում ներդրվել են թվային կոնտրաստային մոմոգրաֆներ, ունենք 3 հատ ՊԷՏ սկան։ « ՊԷՏսկան, կամՊԷՏ/ԿՏ հետազոտությունը դա համարվում է աշխարում լավագույն դիագնոստիկ մեթոդը քաղցկեղի հայտնաբերման մեջ։  Եվ դեղորայքային թերապիայի հասանելիությունը մենք ՀՀ-ում ունենք։  Այսօր մենք ունենք տրաստուզումաբի ծրագիրը, որը որ փակում է ամենաթանկարժեք դեղամիջոցով բուժման հնարավորույթունը, որը պետական ծրագիր է և մոտավորապես  800-900 կին արդեն այդ ծրագրին մասնակցել է և կարողացել է բուժվել լիարժեք այդ ծրագրի շնորհիվ։ Ինչպես նաև այսօր մեզ նաև հասանելի է ռադիոթերապիայի բոլոր մեթոդները, սրանք այն թանկարժեք մեթոդներն են, որոնք մինչև այժմ ՀՀ-ում չի եղել», – ասում է նա։ Ախտորոշում, վիրահատական բուժում, դեղորայքային թերապիա և ճառագայթային թերապիա. Հայաստանում ներդրված է քաղցկեղի բուժման ամբողջական շղթան, որն ապահովում է լիարժեք բուժում: Պարզապես պետք է չանտեսել գանգատներն ու պարբերաբար հետազոտվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: