Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում չափահաս բնակչության մասով մենք ունենք կանխարգելիչ այցի հնարավորություն. Յուրաքանչյուրս մեր սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը:

«Տարեկան մեկ կանխարգելիչ այցի շրջանակներում մեր բնակչությունը ստանում է առողջապահական հարցերով կրթում եւ նաեւ իրականացվում են խիստ անհրաժեշտ սկրինինգային հետազոտություններ: Այդ հետազոտություններից է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտաբերման նպատակով իրականացնող  սկրինինգային հետազոտությունը, որը մեկնարկել է դեռեւս 2021-ից: Այն իրականացվել է 4 մարզերում՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ: Այժմ այդ ծրագիրը շարունակվում է Գեղարքունիքի մարզում, որտեղ մեկնարկը տրվել սեպտեմբերից: Այն վերաբերում է Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերի կանանց, ընդ որում ընդլայնվել է նաեւ տարիքային խումբը: Եթե նախկինում ընտրված էր 50-69 տարեկան կանանց տարիքային խումբը, Գեղարքունիքի մարզում մեկնարկած ծրագրի շրջանակներում շեմը նվազել է եւ 45-68 տարեկան կանայք անվճար անցնցում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը:

Սկրինինգային ծրագրի շնորհիվ է, որ կարողանում ենք հիվանդությունը վաղ ախտորոշել, վաղ մեկնարկել բուժական միջամտությունները եւ ունենալ բարելավված արդյունքներ, նվազեցնել մահացությունը այս հիվանդությունից»,- ասաց նա:

Ղոնյանն ընդգծեց, որ այս հետազոտությունը բացարձակ անվճար է, իրականացվում է շարժական մամոգրաֆի միջոցով՝ մամոգրաֆիկ հետազոտություն։

«Այդ հետազոտության արդյունքներով նշանակված լրացուցիչ հետազոտությունները եւս ամբողջությամբ հոգում է պետությունը: Նաեւ հետագայումանհրաժեշտության դեպքում պետությունը ամբողջական ապահովում է անվճար հիմունքներով վիրահատական միջամտությունները եւ հետագա բուժօգնությունը»,- ընդգծեց նա: